չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Որևէ սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Արա Շիրինյանը՝ սերիալ նկարելու խնդիրների մասին

Որևէ սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Արա Շիրինյանը՝ սերիալ նկարելու խնդիրների մասին

Այս պահին ինքներս սերիալներ գրեթե չենք արտադրում: Միայն մանկապատանեկան թեմայով սերիալ է եղել, և կարիք ունենք, որպեսզի ՀՀ-ում գործող ֆիլմարտադրող, կինոարտադրող ընկերությունները նույնպես լծված լինեն այս գործին: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի դիտարկմանը, թե կարելի է սերիալներ արտադրել և դրանցով կրթական բովանդակություն տարածել, օրինակ՝ վատ արարքների դատապարտում:

Ըստ Շիրինյանի՝ խնդիրը հին է և բազային: Կարծում է՝ Հանրային հեռուստաընկերությունը պիտի՛ կարողանա արտադրել այս բովանդակությամբ սերիալներ ու գեղարվեստական ֆիլմեր, բայց դրա համար չկա ֆինանսական հնարավորություն:

«Պարզ ասեմ՝ Հայաստանում սերիալ նկարել չենք կարողանում: Մենք գրեթե չունենք հաջողված փորձ: Մեկ-երկու կիսահաջողված փորձ կարող ենք նշել, բայց սա խնդիր է ՀՀ-ի համար, և սա վաղուցվա խնդիր է, և սա միայն Հանրային հեռուստաընկերությունը չի կարող [խնդիրը լուծել]: Որևէ սերիալ արտադրելու համար մեզանից գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը: Նկատի ունեմ այն ամենապարզ, նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են որակյալ սերիալ նկարահանելու համար»,- ասաց նա:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, որը ևս ներկա էր կատարողականի քննարկմանը ԱԺ-ում, արձագանքեց՝ կրթական ու ոչ կրթական թեմաներով բովանդակություն Հանրային հեռուստաընկերությունում կա, հիշեցրեց «Չորս երազանք» հեռուստասերիալի մասին, բայց միաժամանակ հրավիրեց ԱԺ հանձնաժողովին Հանրային հեռուստաընկերություն կամ Հանրային հեռարձակողի խորհուրդ՝ միասին քննարկելու հարցը:

«Հանրայինի պարտավորությունները ֆիքսված են թե՛ «Հանրային հեռարձակողի մասին» օրենքով, թե՛ տարբեր որոշումներով Հանրայինն ունի բազմաթիվ պարտավորություններ, և այդ պարտավորությունները մենք փորձում ենք պահել: Եթե կա մի բան, որ կիսատ է արվում, գուցե պետք է քննարկել նաև որոշումներում և օրենքներում փոփոխություններ անելու հարցը»,- ասաց նա:

  • Կիսվել: