երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Օգոստոսի 26-ին տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը

Օգոստոսի 26-ին տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը

«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոն Պահպանենք մեր ազգային ինքնությունը Օգոստոսի 26-ին, ժամը 19:00 Գաֆեսճեան քանդակների պարտեզում կիրականանա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, այն իրականանում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ` 2014 թվականից: Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ: Փառատոնն իրականացվում է հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ. • Ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որև է ժամանակակից մշակումների:

•Օգտագործել բացառապես ազգային նվագարաններ (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ ... ), որպեսզի մեր կարևոր ներդրումն ունենանք հայկական ազգային հնչերանգի ու ձայներանգի պահպանման կարևոր գործում: «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարիներին իրականացվել է Երևանում, Տավուշում և Արցախում: Փառատոնը մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երևանում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ), Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Տավուշում՝ Բերդի հրապարակում:

Փառատոնի բացօթյա լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Հանդիսատեսն այս ձևով հնարավորություն ունի անվճար ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը:

Փառատոնի ձևաչափի կարևոր մաս է կազմում նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները՝ Երևանի վարչական շրջաններում և մարզերի գյուղական համայնքներում: Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը, թվով 400 և ավել մասնակից-արտիստ: Այս տարի Փառատոնին մասնակցում են «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Մենք ենք մեր սարերը»/Արցախ/ , «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Ծիլք», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին» խմբերը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Փառատոնին՝ իր կարևոր մասնակցությունն է ունենալու նաև Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը:

  • Կիսվել: