կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նյու Յորքում տպագրվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արցախցի կովկասագետի աշխատությունը

Նյու Յորքում տպագրվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արցախցի կովկասագետի աշխատությունը

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում տպագրվել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի «Հայոց ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում» (The Armenian Genocide in Western Armenia) վերտառությամբ աշխատությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցի նախաշեմին ԱՄՆ-ում լույս տեսած 20 էջանոց աշխատությունը բովանդակում է փաստաթղթերի լուսանկարներ ու մեկնաբնություններ, որոնք փաստագրված ներկայացնում են Հայոց ցեղասպանության պետական մակարդակով կազմակերպված լինելն ու Թուրքիայի ցեղասպան և հակահայ քաղաքականությունը։

Нет описания.

«Ներկայացվում են նաև անպատժելիության հետևանքները՝ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի և այլ ցեղասպանական գործողությունները։ Աշխատությունում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Արցախի շրջփակմանը»,-մանրամասնել է Հ. Ավանեսովը։

Նրա տեղեկացմամբ՝ աշխատության երկրորդ գլուխը ներառում է մշակութային ցեղասպանությունն Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի կողմից բռնազավթված մի շարք այլ բնակավայրերում։

«Համեմատականներ են տարվում Արցախի օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի նույնանման քաղաքականության հետ՝ ցույց տալով, որ Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն նպատակ են հետապնդում ոչնչացնելու բռնազավթված բնակավայրերի հայկական ժառանգությունը։ Հստակ ընդգծվում է, որ անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում: Քանի դեռ այդ ցեղասպանական գործողություններն ու հանցագործությունները համապատասխան պատժի չեն ենթարկվել, պարարտ հող են նախապատրաստում հետագա հանցագործությունների համար»,-հավելել է հեղինակը։

Հ. Ավանեսովի խոսքով՝ աշխատությունում տեղ գտած փաստերը տարիների հետազոտության արդյունք են, իսկ որոշ փաստեր առանձին հոդվածներով տպագրվել են Ռուսաստանում և եվրոպական մի շարք երկրներում։

  • Կիսվել: