Նոր պատմության պայծառ մեկնարկը․ Tashir Arena-ի հանդիսավոր բացումը
Հոկտեմբերի 24-ին Երևանում կայացավ Tashir Arena-ի հանդիսավոր բացման արարողությունը. այն այսօր նոր սերնդի մշակութային և ժամանցային ինքնատիպ համալիր է, որը կառուցվել է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։
ETERNIA շոուի պրեմիերան դարձավ միջոցառման պայծառ կետն ու Երևանի կրկեսի նոր դարաշրջանի խորհրդանիշը, որն այժմ իր տեխնիկական հագեցվածությամբ և հնարավորություններով չի զիջում աշխարհի առաջատար արենաներին։
Տոնական երեկոյի սկիզբը խորհրդանշական էր․ Տաթևիկ Կարապետյանը բացեց արենայի դռները՝ հրավիրելով առաջին հյուրերին նոր տարածք։ Բացման արարողությանը ներկա էին մշակույթի և բիզնեսի ներկայացուցիչներ, բարեգործական կազմակերպությունների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, շոու-բիզնեսի աստղեր, արտիստներ և բլոգերներ։ Հարյուրավոր հյուրեր դարձան այն եզակի վայրի ծննդյան ականատեսը, որտեղ միաձուլվում են արվեստը, տեխնոլոգիաներն ու տաղանդը։
Հյուրերին սպասում էր տպավորիչ տոնական ծրագիր։ Երեկոյի կուլմինացիան դարձավ ETERNIA շոուի պրեմիերան. ներկայացում, որի վրա աշխատել է ավելի քան հարյուր արտիստներից կազմված ստեղծագործական խումբը։ Այն դարձավ նոր Արենայի յուրատեսակ այցեքարտը։ Տարիներ շարունակ իրականացված ինտենսիվ փորձերը հնարավորություն տվեցին ստեղծել մի ներկայացում, որը ջնջում է կրկեսային արվեստի, թատրոնի և ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաների սահմանները՝ հանդիսատեսի համար բացահայտելով հնարավորի նոր հորիզոններ։ Շոուն ստեղծվել է հատուկ Tashir Arena-ի համար այնպես, որ օգտագործվեն նոր բեմի բոլոր տեխնիկական հնարավորությունները. շարժական հարթակները, ժամանակակից լուսային և ձայնային համակարգերը, մուլտիմեդիա պրոյեկցիաներն ու մեխանիկական էֆեկտները ստեղծում են հանդիսատեսի լիակատար ներգրավվածություն ներկայացման աշխարհում:

«Այսօր մենք բացում ենք Tashir Arena-ի դռները. սա ոչ թե պարզապես նոր հարթակ է, այլ վայր, որը դառնալու է Հայաստանի մշակութային կյանքի կենտրոնը։ Այստեղ միաձուլվում են արվեստը, ներշնչանքը, բացառիկ տաղանդը և սերը մեր երկրի հանդեպ։ Այս նախագիծը հնարավոր դարձավ թիմի անսահման նվիրումի շնորհիվ, և ես հպարտ եմ, որ մեր երազանքը իրականություն դարձավ։ Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք հավատում ենք արվեստի ուժին, բարությանը, որը միշտ հաղթում է», - ասաց Տաթևիկ Կարապետյանը՝ բեմից տալով շոուի մեկնարկը։
Իր խոսքում Տաթևիկը դիմեց նաև իր հորը՝ Սամվել Կարապետյանին, շնորհակալության և երախտիքի խոսքեր հայտնելով նրա անզիջում ճանապարհի համար։ Նա ընդգծեց, որ հենց հոր սկզբունքայնությունն ու հաստատակամությունն են թույլ տվել կյանքի կոչել այս իսկապես շքեղ երազանքի նախագիծը։
Հանդիսավոր բացումից մի քանի օր առաջ Տաթևիկ Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բարեգործական նախապրեմիերային դիտում հատուկ հյուրերի համար։ Նոր ներկայացման առաջին հանդիսատեսները դարձան նրանք, ովքեր հատկապես ջերմության և հոգատարության կարիք ունեն՝ բազմազավակ ընտանիքներ և Արցախից տեղահանված ընտանիքներ, վետերաններ, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ և բարեգործական հիմնադրամների շահառուներ։ Նրանցից շատերի համար այդ երեկոն իրական տոն դարձավ՝ լցված լույսով, երաժշտությամբ և բարության հանդեպ հավատով։
Սա Tashir Arena-ում անցկացված առաջին բարեգործական նախաձեռնությունը չէր։ Օգոստոսի 18-ին կայացավ «Երեխաները՝ երեխաների համար» բարեգործական համերգը։ Այն անցկացվեց որպես հատուկ միջոցառում, որը կազմակերպվել էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի անձնական որոշմամբ, որը որոշել էր իր 60-ամյակը նվիրել երեխաներին։ Նրա խնդրանքով նոր Արենայի դռները առաջին անգամ բացվեցին ավելի քան 1200 փոքրիկ հանդիսատեսների առջև՝ Հայաստանի տարբեր համայնքներից, որոնց թվում էին՝ բազմազավակ ընտանիքներ, Արցախից տեղահանված ընտանիքներ, ինչպես նաև այն հերոսների և զինծառայողների երեխաներ, ովքեր զոհվել կամ տուժել են մարտական գործողությունների հետևանքով։
Հոկտեմբերի 25-ից ETERNIA շոուն հասանելի կլինի բոլոր հանդիսատեսների համար։ Տոմսերն արդեն վաճառքում են առցանց և համալիրի տոմսարկղերում։ Ներկայացումները կանցկացվեն շաբաթական երեք անգամ, իսկ որոշակի օրերին՝ երկու անգամ՝ ցերեկային և երեկոյան ցուցադրություններով։


