երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Նոր կարգավորումների ընդունմամբ մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունը կդառնան առավել համակարգված գործընթաց

Նոր կարգավորումների ընդունմամբ մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունը կդառնան առավել համակարգված գործընթաց

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ նիստում քննարկվել են առաջին ընթերցմամբ:

Նախագծի մշակումը պայմանավորված է ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված կանոնների համապատասխանեցմամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի տեղեկացմամբ տարանջատվում են մշակութային արժեքների արտահանման մաքսային ռեժիմները` ըստ թույլատվական փաստաթղթերի տեսակների, այդ թվում` արտահանման լիցենզիայի եզրակացության: Լրացվում են օրենքի մի շարք հասկացություններ, այդ թվում` «մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություն» եւ «հավատարմագրված մասնագետ» հասկացությունները:

Ավելացվում է պետության կողմից գնման իրավունքի ժամկետը, որը մեկից դառնում է երկու ամիս: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ մեկ ամսում հնարավոր չի լինում գործընթացը կազմակերպել: Ստեղծվում են լիազորող նորմեր` մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատագրման կարգի ու չափորոշիչների սահմանման համար: Օրենքով ամրագրվում է կրկնակի փորձաքննության դրույթը, որով ստեղծվում է կեղծ առարկաների արտահանման կանխարգելման մեխանիզմ:

Ըստ փոխնախարարի` օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:

Ներկայացնելով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը նշել է, որ փորձագիտական գնահատական տվող մասնագետների հավաստագրումն այժմ միայն մասնագիտական հմտությունների վրա է իրականացվում: Առաջարկվում է, որ լիազոր մարմինը հավատարմագրման իրավունք տալուց առաջ ստուգի նաեւ լաբորատոր պայմանները:

  • Կիսվել: