չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդեսի բացումը

«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդեսի բացումը

Օգոստոսի 24-ին՝ ժամը 18։00-ին, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդեսի բացումը։

Արփենիկ Նալբանդյանը (1916-1964) հայ կերպարվեստում արտառոց ֆիգուր է, որի ստեղծագործությունները՝ հատկապես դիմանկարները, նոր շունչ են հաղորդել 20-րդ դարի հայ կերպարվեստին։

Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականին Թիֆլիսում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնում։ 1941 թվականից բնակվել եւ ստեղծագործել է Երեւանում: 1946 թ-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր:

Ցավոք, Արփենիկի կյանքը շատ կարճ էր՝ ընդամենը 48 տարի, կյանքի օրոք ունեցել է ընդամենը մեկ անհատական ցուցահանդես: Նրա ստեղծագործական ժառանգությունը կազմում է շուրջ 300 գեղանկար եւ գրաֆիկական աշխատանք, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ռուսաստանի, Վրաստանի թանգարաններում, ինչպես նաեւ մասնավոր հավաքածուներում: Եղել է գեղանկարիչներ Էդուարդ Իսաբեկյանի կինը եւ Դմիտրի Նալբանդյանի քույրը:

Այս ցուցահանդեսն ընդգրկում է հիմնականում Նալբանդյանի դիմանկարները, որոնք արտացոլում են նրա ստեղծագործական յուրահատուկ ոճը՝ աչքի ընկնելով մոդեռնիստական մոտեցումներով եւ զգացմունքային խորությամբ: Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործության առանցքային ասպեկտներից է գեղանկարչության միջոցով բարդ հոգեբանական վիճակներ փոխանցելու նրա կարողությունը: Նրա դիմանկարները, որոնք հագեցած են հուզական նրբերանգներով եւ խորը ինտուիտիվ խորաթափանցությամբ, բացահայտում են պատկերված կերպարների ներաշխարհը: Լուսաօդային միջավայրի, գույնի նուրբ աստիճանականացման եւ պինդ վրձնախազերի օգտագործումը ստեղծում են ներկայության եւ հոգեբանական խորության զգացողություն, ինչը նրա ստեղծագործությունները դարձնում են հավերժական եւ արդիական ցանկացած դարաշրջանում:

Այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում վերաիմաստավորելու Նալբանդյանի ժառանգությունը եւ արժեւորելու նրա ներդրումը հայ կերպարվեստի զարգացման գործում, ինչպես նաեւ բացահայտելու նկարչուհու աշխատանքների բազմաշերտությունն ու նրա գեղարվեստական աշխարհի խորությունը։

Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը։

 

  • Կիսվել: