Նիդերլանդների Ալմելո քաղաքում կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունը
Նիդերլանդների Ալմելո քաղաքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու ծուխը և տեղի հայ համայնքը մեծ շուքով նշեցին եկեղեցու օծման 20-ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությունից, առաջին եկեղեցին հիմնադրվել էր 1991 թվականին՝ համայնքի նվիրատվությամբ գնված մանկապարտեզի շենքում: Հետագայում, այդ շենքի վաճառքից ստացված գումարը և համայնքի հավաքած հանգանակությունը թույլ տվեցին 2002 թվականին նախաձեռնել նոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը։ Այն օծվեց 2003 թ․աշնանը։
«Այսպես, երեկ կիրակի օրը, որ նաև Խաչվերացի տոնն էր, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ Ալմելոյի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ս․ Պատարագ։ Պատարագիչը Ռումինիայի թեմի առաջնորդ և Բուլղարիայի թեմի առաջնորդական տեղակալ Տեր Տաթև Եպիսկոպոս Հակոբյանն էր, որը որպես Արևմտյան Եվրոպայի նախկին հայրապետական պատվիրակի փոխանորդ երկար տարիներ եղել էր եկեղեցու հոգևոր հովիվ։
Սուրբ պատարագին, որին մասնակցում էր շուրջ 1000 հայ հավատավոր, ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, ինչպես նաև ղպտի և ասորի եկեղեցիների հոգևորականներ։ Արարողության ընթացքում ընթերցվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված եկեղեցու 20-ամյա հոբելյանին, որով Վեհափառ Հայրապետը իր օրհնությունն ու շնորհավորանքները փոխանցեց հոգևոր հովվին, ծխական խորհրդի անդամներին և բոլոր ծխականներին։
Հավատացյալներին իր քարոզը փոխանցեց Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։ Պատարագի ավարտին կատարվեց մատաղի օրհնության կարգը, իսկ Խաչվերացի տոնի առիթով օրհնվեց Սուրբ Խաչը զարդարող ռեհանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: