հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ներքին Գետաշենի դամբարանադաշտից քրեղան է գտնվել

Ներքին Գետաշենի դամբարանադաշտից քրեղան է գտնվել

Ներքին Գետաշենի դամբարանադաշտից գտնված քրեղանը մաքրվել և վերականգնվել է:

Կրապատ մակերեսով, հարթ հատակով, գնդաձև իրանով, հնագիտական այս առարկան՝  քրեղանը,  մաքրվել, վերականգնվել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ անհարթ եզրերով առարկան գնդաձև իրանով է,  իրանի և շուրթի միացման հատվածը թույլ է ընդգծված։

Քրեղանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում  գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված գտածոներից մեկն է։

Դրանք ավելի քան 500-ն են՝ խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ:

Լաբորատորիայում շարունակվում են Ներքին Գետաշենի դամբարանադաշտից հայտնաբերված առարկաների մաքրումն ու վերականգնումը։

Ներքին Գետաշենի դամբարանադաշտում պեղված համալիրները վերաբերում են մ.թ.ա. XXII /XXI-VIII/VII դդ. և վկայում են, որ այն հաջորդաբար օգտագործվել է շուրջ 1500 տարի: Պեղված նյութերում հանդիպում են թռեղք-վանաձորյան (մ.թ.ա. XXII -XIX դդ.), սևան-արցախյան (մ.թ.ա. XIX/XVIII -XVI դդ.), լճաշեն-մեծամորյան (մ.թ.ա. XV-IX դդ.) և Վանի թագավորության (մ.թ.ա. VIII-VII դդ.) շրջանի արտեֆակտեր:

Նյութերը պահվում են  ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդում:

  • Կիսվել: