կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը

Ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները:

 

Գլխավոր հատակագծի հանրային շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ բուհերի ղեկավարներ, ակադեմիական հանրույթի, շահառու տարբեր կառույցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

Ժաննա Անդրեասյանն առանձնակի շեշտել է, որ գլխավոր հատակագծի վերջնական տարբերակն ունենալուց հետո պլանավորվում են հանրային մասնակցության բաց քննարկումներ. «Ակադեմիական քաղաքի նախագիծը նաև հանրությանը վերափոխող ծրագիր է, քանի որ սկսած քաղաքաշինական միջավայրից՝ այն հանրային կյանքի նոր որակ և փորձառություն է բերելու»:

Նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, ներկայացնելով հատակագիծը, նշել է, որ ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող՝ մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։

Առաջին փուլով նախնական հաշվարկով ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:

 

Ակադեմիական քաղաքը կապահովի կրթական գործընթացի, հետազոտության և արտադրության միջև ցանցային սերտ համագործակցություն՝ ներառելով վիրտուալ, սոցիալական և ֆիզիկական ենթակառուցվածքներ։

Այն կհանդիսանա մշակութային և մտավոր ժամանցի միջավայր ուսանողների, դասախոսների, հետազոտողների և լայն հանրության համար: Քաղաքում պլանավորվում է կառուցել Ազգային ստադիոն, որը կլինի բազմաֆունկցիոնալ թատրոն-կինոթատրոն-համերգասրահ՝ մինչև 35 հազար հանդիսատեսի համար:

Լինելու են հանրային ընդարձակ միջավայրեր՝ մարզական ենթակառուցվածքներ, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գրադարաններ։

 

Ուսանողները կունենան շարժունության և ճկուն դասացուցակի կազմման հնարավորություն և պայմաններ, ողջ օրվա ընթացքում ուսանողի որակյալ փորձառության անհրաժեշտ միջավայր։

Դասախոսական աշխատանքի կառուցվածքը էապես կփոխվի՝ ներառելով օրվա ընթացքում ավելի քիչ դասավանդում և ավելի շատ ուսումնասիրություններով և հետազոտություններով զբաղվելու հնարավորություն։

  • Կիսվել: