Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված կոնցերտի պրեմիերան՝ Երևանում
Անվանի ռուս կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտը, որի հիմքում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքն է, առաջին անգամ կհնչի Երևանում։
Համերգային երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու աղոթագրքի գրաբար տեքստի հիման վրա:
«Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտը կհնչի «Նիժնի Նովգորոդ» կամերային երգչախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովը։ Համերգին կհնչեն նաև Սերգեյ Եկիմովի «Այն խոսքը, որով կդատապարտես ինձ» (То слово, что мне скажешь в осужденье) երգչախմբային կոնցերտը՝ ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի՝ Նաում Գրեբնևի ռուսերեն թարգմանությամբ (հայաստանյան պրեմիերա), ինչպես նաև հեղինակի երգչախմբային երեք մանրերգեր՝ ըստ Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների և երգչախմբային կոնցերտ՝ ըստ Աննա Ախմատովայի բանաստեղծությունների:
Համերգին կատարելու են նաև Կոմիտասի մի շարք խմբերգեր, կկայանա ժամանակակից կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի «Որտեղի՞ց այսքան քնքշանք» (Откуда такая нежность) երգչախմբային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Մարինա Ցվետաևայի բանաստեղծության հիման վրա:
Սեպտեմբերի 13-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում դիրիժոր Իվան Ստոլնիկովը կանցկացնի երգչախմբային արվեստի վարպետության դաս։ Մուտքն ազատ է։
Համերգը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի աջակցությամբ: