շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է. CHW համաղեկավար

Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է. CHW համաղեկավար

Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնի վերլուծությունները վկայում են այն մասին, որ Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Դա իր հերթին փաստում է այն մասին, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է հայկական մշակութային և կրոնական ժառանգության դեմ:

 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին ասաց Քորնելլի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր, Caucasus Heritage Watch-ի համաղեկավար  Լորի Խաչադուրյանը՝  ներկայացնելով արբանյակային տեխնոլոգիաների հնարավորությունը մշակութային ցեղասպանությունը փաստելու համար:

« 2020 թվականին ես ու իմ գործընկերները հիմնեցինք ոչ քաղաքական հետազոտական կենտրոն, որը կոչվում է Caucasus Heritage Watch: CHW-ն մշտադիտարկում է և փաստագրում վնասված պատմամշակութային ժառանգությունը՝ օգտագործելով արբանյակային պատկերները, աղբյուրները: Մենք հավաքագրում ենք պատմամշակութային օբյեկտների ոչնչացման մասին ապացույցներ և փաստեր, որոնք կարող են օգտագործվել դատարանում»,- ասաց Խաչադուրյանը:

Caucasus Heritage Watch հետազոտական կենտրոնն այժմ ուսումնասիրում է երկու ոլորտ՝ Նախիջևանում հետխորհրդային շրջանում հայկական պատմամշակութային ժառանգության վիճակը և Լեռնային Ղարաբաղի առաջին և երկրորդ պատերազմի ժամանակ պատմամշակութային ժառանգության վիճակը:

«Սեպտեմբերին CHW ավարտեց Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության մեկամյա հետազոտությունը: Մենք ուսումնասիրել ենք միջնադարյան և նոր ժամանակների ժառանգության գրեթե բոլոր վայրերը: Մենք գնահատեցինք հայկական ժառանգության 110 օբյեկտների վիճակը: Արբանյակային պատկերները մեզ հնարավորություն տվեցին 1997 թվականից 2011 թվականներին 108 հուշարձանների ամբողջական ոչնչացումը փաստելու, որոնք կարողացել ենք տեղորոշել և գնահատել: Օրինակ՝ շատ վայրերում, որտեղ եղել են հայկական եկեղեցիներ, այժմ դատարկ տարածքներ են: Հինգ դեպքում դրանց տեղը մզկիթներ կամ պետական շենքներ են կառուցվել: Ապշեցուցիչ են նաև բազմաթիվ դեպքերը, երբ լքված վայրերում բուլդոզերներով վերացրել են միմիայն հայկական պատմամշակութային ժառանգությունը: Երևույթ, որը վկայում է նրանց նախանձախնդիր մոտեցման մասին՝ ջնջելու հայկական ամեն ինչը: Արբանյակային վկայությունները ցույց են տալիս, որ 1997-ից 2011 թվականները Նախիջևանում հայկական պատմամշակութային ժառանգության օբյեկտները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են»,- ընդգծեց  Խաչադուրյանը:
 

Նրա դիտարկմամբ՝ այդ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից համակարգված արշավ է՝ վերացնելու հայկական համայնքային և կրոնական ներկայության բոլոր հետքերը, որպեսզի հայերին հեռացնեն տարածաշրջանի պատմությունից:

«Մենք կազմել ենք 408 էջանոց զեկույց, որին կարող են ծանոթանալ բոլորը»,- եզրափակեց Խաչադուրյանը:

  • Կիսվել: