կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մշակութային վանդալիզմ Ջերմուկում. պղծվել են հայ մեծանուն գործիչների կիսանդրիները

Մշակութային վանդալիզմ Ջերմուկում. պղծվել են հայ մեծանուն գործիչների կիսանդրիները

Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում տեղադրված են հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սամվել Պիպոյանը՝ ահազանգելով այդ համալիրի ներսում տեղի ունեցած մշակութային վանդալիզմի մասին և հրապարակելով լուսանկարներ: Ըստ ահազանգի՝ ավերվել, պղծվել են հայ մեծանուն գործիչների կիսանդրիները, անհայտ անձինք դրանք դիտավորյալ կոտրել են, թողել գրություններ դեմքերին և շինության պատերին:
 

Ահազանգի հեղինակը նշում է, որ շատ կիսանդրիներ է տեսել, սակայն գեղագիտական ու քանդակագործության տեսանկյունից նման հաջողված աշխատանքներ գրեթե չիհանդիպել՝ մեկտեղված նույն տեղում։ Ընդ որում՝ բոլոր կիսանդրիներն էլ շատ հաջողված են։

«Դեռ մի երկու-երեք տարի առաջ այդ կիսանդրիները դեռևս միայն մրոտված էին տարբեր անճաշակ գույներով, ու նրանց դեռ կարելի էր փրկել։ Վիճակը սարսափելի է հիմա, երբ համարյա բոլոր կիսանդրիները կա՛մ կոտրված են, կա՛մ վերջնականորեն անարգված (ուրիշ բառ չգտա):

 

Մարդու սիրտ է ցավում, թե որքան է մեր մեջ զարգացել վանդալիզմը, արվեստն ու գիտությունը արհամարհելը, որ նման շքեղ գործերը ոտնատակ են տրվում ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ անտեսվում են պետական ու հանրային ծառայությունների կողմից։

 

Մի՞թե Ջերմուկ քաղաքի իշխանությունները դա չեն տեսնում: Հո միայն քաղաքի փողոցները բարեկարգելը չի՞, որին պետք է ուշադրություն դարձնել:

Նման կիսանդրիներ էլ որևէ մեկը չի քանդակի, եւ վախենամ, որ չեն էլ կարող։ Ու մենք կորցնում ենք մեր պատմությունը եւ հարգանքը դրա նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում, որի հիմնական գործը կիսանդրիների վրա կամ հարակից պատերին գրելն է՝ «Մենք եղել ենք այստեղ»»,- գրել է օգտատերը:

Լուսանկարները՝ Սամվել Պիպոյանի էջից.

  • Կիսվել: