ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մշակութային նշանակության շենքերը սեփականաշնորհվել են, իսկ ԿԳՍՄ-ն փոխանակ շտկի ապօրինությունը, խնդիրը լուծում է մեկ մշակութային օջախը մյուսին միացնելով. դերասանուհի

Մշակութային նշանակության շենքերը սեփականաշնորհվել են, իսկ ԿԳՍՄ-ն փոխանակ շտկի ապօրինությունը, խնդիրը լուծում է մեկ մշակութային օջախը մյուսին միացնելով. դերասանուհի

Պետական կամերային երաժշտական թատրոնի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ միավորման թնջուկը դեռևս հանգուցալուծում չի ստանում:

Օրերս Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները խնդրի շուրջ հանդիպում են ունեցել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ:

Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց Կամերայն թատրոնի դերասանուհի Զառա Հակոբյանը, նախարարի հետ հանդիպման ժանամակ կոլեկտիվի անդամները առաջարկել են խնդրի լուծման իրենց տարբերակները, մասնավորապես Սիմֆոնիկ նվագախմբին որպես փորձատեղ տրամադրել ոչ թե իրենց թատրոնի շենքը, ինչպես որոշել է նախարարությունը, այլ այլ մշակութային նշանակության շինություններ, որոնք տևական ժամանակ իրենց նպատակին չեն ծառայում` օրինակ «Կանազի» մշակույթի կենտրոնը, «Հայաստանի երգչախմբային ընկերության» շենքը, սակայն պատասխան են ստացել, որ այդ շենքերը այլևս պետական չեն։  

«Մենք նշեցինք այդ շենքերը, բայց վստահ եմ, որ նմանատիպ այլ շենքեր էլ կան: Պատկան մարմիններին կոչ եմ անում զբաղվել ա՛յդ խնդրով։ Այդ ինչպես պատահեց, որ մշակութային նշանակության պետական շենքերը հանկարծ սեփականաշնորհվեցին կամ դարձան ոչ պետական և հիմա առկա խնդիրները լուծելու համար մեկ մշակութային օջախը պետք է միավորեն մյուսի հետ, որպեսզի բավարարեն երրորդի պահանջները: Եթե տեղի է ունեցել ապօրինություն և շենքերը սեփականաշնորհվել են, կամ տրվել երկարատև վարձակալության և չեն ծառայում իրենց նպատակին, ապա թող շտկեն այդ ապօրինությունները և պետականացնեն շենքերը, ոչ թե գտնեն ամենահեշտ, բայց ամենա անարդյունավետ լուծումը»,- ընդգծել է դերասանուհին` նշելով, որ այս պահին փաստացի պարապուրդի է մատնված նաև ԱՕԿՍ-ի շենքը, մինչդեռ այն կարելի էր վերանորոգել, քանզի շենքը հանդիսանում է պատմամշակութային ժառանգություն և այսօր փաստացի անտերության է մատնված և տրամադրել որևէ մշակութային կոլեկտիվի։

Զառա Հակոբյանը, ներկայացնելով հանդիպումից այլ մանրամասներ, ասաց, որ իր տպավորությամբ, նախարարությունն իր որոշման մեջ անդրդվելի է։  «Ես մի բան հասկացա, որ իրենք հստակ որոշել են՝ մենք պիտի գնանք։ Ու՞ր պիտի գնանք, ինչպե՞ս պիտի աշխատենք, ի՞նչ ձևաչափով։ Հայտնի չէ՝ մեր խաղացանկը մնում է թե՞ ոչ, մեր դերասանները ամբողջովին գնու՞մ են Պարոնյանի անվան թատրոն, թե՞ ոչ։ Մենք ոչինչ չհասկացանք, ու տպավորություն է, որ իրենք էլ դեռ հստակ չեն հասկացել։ Հստակ գիտեն, միայն, որ շենքը տալու են Սիմֆոնիկին»,- վրդովվում է Հակոբյանը՝ նշելով, որ նախարար Դումանյանը ընդհանրապես անտեղյակ էր թատրոնի կազմակերպչական խնդիրներից և հարցերը ուղղորդում էր իր տեղակալ Արա Խզմալյանին։

«Միգուցե  մարդու մասնագիտակաը թույլ չի տալիս խորությամբ տիրապետել մշակութային հարցերին, բայց մշակույթի մասին պարզունակ գիտելիքներ չունենալն, ըստ իս անթույլատրելի է»,- ասաց նա։

Ինչ վերաբերվում է նախարարության այն հավաստիացումներին, թե երկու թատրոնների միավորման հարցը քննարկել է մշակութային գործիչների հետ, Հակոբայնն ասաց, որ իրենք տեղյակ չեն, թե ում հետ է քննարկվել այդ հարցը, սակայն իրենց հետ հաստատ չի քննարկվել։

«Համենյան դեպս մեզ հայտնի մշակութային շրջանակները կողմ չեն թատրոնի փակմանը։ Այդ ու՞մ հետ են քննարկել այդ հարցը։ Եթե մի արվեստի գործիչ այլ ելք չի տեսնում էս իրավիճակում, քան թատրոն փակելն է, նա ինձ համար արվեստի գործիչ չէ, իր կարծիքն ինձ համար հետաքրքիր չէ»,- ասում է Հակոբյանը։

Դերասանուհին ցավով նշում է, որ այս ամենը տեղի է ունենում արվեստագետների մեծամասնության լռության ներքո։ «Արվեստի գործիչները պետք է մի ընտանիքի մաս կազմեն,  սատար կանգնեն իրար, զարգացնեն արվեստը, թույլ չտան ոչ մի ոտձգություն ոլորտի նկատմամբ, պահանջատեր լինեն իրենց խնդիրներին, հավատարիմ՝ իրենց առաքելությանը։ Մեր թատրոնն ունի շատ հանդիսատեսներ, ակտիվ  խաղացանկ, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք աշխատել և թատրոնը բարձրացնել որակապես նոր հարթություն»,- եզրափակում է դերասանուհին։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարություն հանդես է եկել   Պետական կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ միավորելու նախաձեռնությամբ, իսկ կամերային թատրոնի շենքը տրամադրվելու է Սիմֆոնիկ նվագախմբին՝ որպես փորձատեղ։

  • Կիսվել: