հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մշակութային արժեքների արտահանման գործընթացը կիրականացվի արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում

Մշակութային արժեքների արտահանման գործընթացը կիրականացվի արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում

ՀՀ Կառավարության նիստում հավանության է արժանացել «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը և ձևը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այն պայմանավորված է ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև փոխգործակցության մեկ միասնական հարթակի ներդրմամբ։ Համաձայն որոշման՝ մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք հայտը և ուղեկցող փաստաթղթերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով՝ ենթահայտ լրացնելու և Կառավարության սահմանած կարգով նույնականացում անցնելու միջոցով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Լիազոր մարմնի կողմից եզրակացությունը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով: Եզրակացությունը, բացառությամբ ՀՀ պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքի, կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:

Օտարերկրյա քաղաքացիների հայտերը կարող են մուտքագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան աշխատակիցները։

Այսպիսով՝ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան համակարգի ներդրման արդյունքում կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով:

Բացի այդ՝ այն համահունչ կլինի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև մշակութային արժեքների տեղափոխման մասին» համաձայնագրի պահանջներին, որով նախատեսվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման եզրակացությունների տրամադրման թվայնացում, տեղեկատվության փոխանակում և այլն:

  • Կիսվել: