«Մոսկվա» կինոթատրոնը այլևս վերաբրենդավորված՝ երևանցիների համար հարազատ «ԿինոՄոսկվա» անունով
«Մոսկվա» կինոթատրոնը վերանորոգվել է և վերաբրենդավորվել՝ այսուհետ այն հանդես կգա երևանցիների համար հարազատ «ԿինոՄոսկվա» անունով:
Ինչպես նշեց նախօրեին կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողության ժամանակ տնօրեն Հովհաննես Ադոյանը՝ այս տարի նախաձեռնվել և իրականացվել է Երևանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող շենքի ներքին հարդարման աշխատանքները։
Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել է օդափոխության և ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը, արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։
Տեխնիկական վերազինմամբ նորացվել են կինոթատրոնի և՜ ձայնային տեխնիկան, և՜ էկրանները: Տեղադրվել են կինոէկրանների արտադրության ոլորտում առաջատար Harkness Screens բրիտանական ընկերության առանձանահատուկ էկրաններ։ Լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս դահլիճի ցանկացած անկյունից տեսնել բարձր որակի պատկեր:
Կինոդահլիճներն անցնում են 4K լազերային պրոյեկցիայի․ Barco SP4K-35 4-րդ սերունդ. սա նշանակում է, որ պատկերի հստակությունն այսուհետ կապված չէ լամպերից: «Կինոմոսկվայի» դահլիճներում տեղադրվել են DOLBY CP950 նորագույն ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: LUIS Wassman ձայնային համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դեպի դահլիճի նստելատեղեր՝ զգալիորեն բարձրացնելով ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը:
««Մոսկվա» կինոթատրոնն ուրախ է ներկայացնել իր նոր բրենդինգը, որը համատեղում է պատմությունը, մշակույթը և ժամանակակից դիզայնը։ Մեր նոր տարբերանշանում կինոթատրոնի պատմական շենքն է՝ վերևից, որը հետաքրքիր զուգադիպությամբ ունի լատիներեն «M» տառի ձևը։ Յուրահատուկ տարբերանշանը ոչ միայն պատկերում է շենքի բացառիկ ճարտարապետությունը, այլև ընդգծում է նշանակությունը Երևանի քաղաքային լանդշաֆտում, խորհրդանշում է «Կինոմոսկվայի» կենտրոնական դիրքը մեր քաղաքում և դերը՝ որպես սերունդների մշակութային կենտրոն»,- կինոթատրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց տնօրենը։