շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մնջախաղի թատրոնը «Շերանիկ» բեմադրությամբ կմասնակցի «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին

Մնջախաղի թատրոնը «Շերանիկ» բեմադրությամբ կմասնակցի «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի հունիսի 3-11-ին ՌԴ Սերգիև Պոսադ քաղաքում կայանալիք «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին:

Մնջախաղի թատրոնը փառատոնին կներկայանա «Շերանիկ» բեմադրությամբ: 

Բեմադրության առիթը 13-րդ դարի հայկական մանրանկարչության խոսուն կերպարներն են, ժանրը պատմական միմոդրաման է:
Բեմադրությունը ներկայացնում է 13-րդ դարի հայկական հռչակավոր մայրաքաղաք Անիի առօրյան: Երիտասարդ զինվորականը՝ Շերանիկը, առյուծ է ծնում, որը դառնում է Անիի խորհրդանիշը: Բնակիչները զվարճանում են Բարեկենդանի տոնին և չեն նկատում, թե ինչպես է թշնամին ծածուկ թափանցել քաղաք: Հոգևորականը ցանկանում է սթափեցնել քաղաքի երիտասարդ բնակիչներին, որոնք տրվել էին աշխարհիկ վայելքներին: Թշնամին գայթակղում է Անիի խորհրդանիշ առյուծին, և քաղաքը կործանվում է: Շերանիկը սպանում է առյուծին և ընտրում է հոգևոր կյանքը: Պատկերները նորից դառնում են մանրանկար:

Ներկայացման նպատակն է միջազգային հանրությանը ծանոթացնել հայկական ավանդական մշակույթին, մնջախաղի արվեստին և 13-րդ դարի հայկական մանրանկարչությանը, մայրաքաղաք Անիի՝ այդ ժամանակաշրջանին հատուկ առօրյային:

Ներկայացման բեմադրիչը Ժիրայր Դադասյանն է, ռեժիսորը՝ Յուրի Կոստանյանը, բեմադրող նկարիչը՝ Շամիր Շահիրյանը, երաժշտությունը՝ Վաչե Շարաֆյանի:

Նշենք, որ այս տարի փառատոնի ժյուրիի անդամ է նաև Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

  • Կիսվել: