չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՄԿՈՒ ոլորտում կներդրվի կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգի համակարգ. օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՄԿՈՒ ոլորտում կներդրվի կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգի համակարգ. օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը:

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ոլորտում ներդնել մի շարք նոր ընթացակարգեր, որոնք ուղղված կլինեն քոլեջների և ուսումնարանների աշխատակիցների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմին: Այստեղ առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, որը գործում է հանրակրթության ոլորտում:

Ըստ նախարարի տեղակալի՝ առաջարկվում է ՄԿՈՒ ոլորտում նույնպես ներդնել կամավոր ատեստավորման և որակավորման տարակարգերի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու դասավանդողների դրույքաչափը, ինչպես նաև սահմանելու հավելավճարներ: Այս փոփոխությունների ընդունմամբ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 6000 աշխատակցի համար կստեղծվեն մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացմամբ փոխկապակցված գործուն մեխանիզմներ: ՄԿՈՒ հաստատություններում կամավոր ատեստավորման գործընթացի մեկնարկը նախատեսվում է 2024 թվականից:

«Նախատեսում ենք նաև ոլորտում ներդնել մի շարք կարևոր մեխանիզմներ, որոնք ուղղված են մասնագիտական կրթության հասանելիությանը՝ թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար ապահովելով տրանսպորտային ծախսերի փոխհատուցում: ՄԿՈՒ հաստատություններ գործում են մեր հանրապետության համարյա բոլոր մազերում, և շատ հաճախ ուսանողներն իրենց կրթաթոշակը ծախսում են ուսումնական հաստատություն հասնելու նպատակով: Տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ մենք կկարողանանք նաև մասնագետներ ներգրավել այլ բնակավայրերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտեր՝ վերը նշված խնդիրների լուծման նպատակով:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով օրենքի նախագծում առաջարկվող փոփոխություններին և լրացումներին, նշել է, որ քոլեջները և ուսումնարանները, բացի պետական ոչ առևտրային կազմակերպությունից, կարող են ունենալ նաև օրենսդրությամբ նախատեսված կազմակերպաիրավական այլ ձև: Ըստ նրա՝ դրանով կստեղծվի իրավական հնարավորություն՝ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։ Փոփոխություններ կիրականացվեն նաև ՄԿՈՒ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման ընթացակարգում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կարևորելով առաջարկվող փոփոխությունները, հարակից զեկույցում ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

  • Կիսվել: