Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը՝ Մատենադարանում
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում հուլիսի 22-24-ը կանցկացվի Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակն ընդգրկված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2026 թվականի հոբելյանական ծրագրերի ցանկում: Հայագիտական կոնգրեսի շրջանակում կանցկացվի նրան նվիրված գիտական նիստ։
Կառավարության որոշմամբ Հայագիտական միջազգային կոնգրեսի կազմակերպման նպատակով կհատկացվի ավելի քան 63 մլն դրամ՝ ԿԳՄՍ նախարարության այս տարվա բյուջեի վերաբաշխման միջոցով։
Կոնգրեսի օրակարգում ընդգրկված են միջազգային դրամաշնորհային ծրագրերը, թվային հումանիտար գիտությունները, վերջին մեկ տարվա ընթացքում հայագիտության զարգացմանն ուղղված միջոցառումները, միջազգային հայագիտական ամբիոնների հետ համագործակցությունը, ձեռագրական կենտրոններն ու հայերեն գրավոր ժառանգության հավաքածուները, ինչպես նաև նոր հրատարակությունների («Գրքանիստ») ներկայացումը։
Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում կկազմակերպվի «1 տարվա հավերժությունը» ցուցադրությունը, որի առանցքում կլինի Կառավարության աջակցությամբ ձեռք բերված և Մատենադարանում պահվող 13-րդ դարի արժեքավոր մատյանը։ Կքննարկվի նաև կոնգրեսին նոր կարգավիճակ շնորհելու հնարավորությունը։
Նախորդ երկու կոնգրեսների արդյունքները վկայում են, որ միջոցառումը դարձել է բացառիկ հարթակ, որտեղ համադրվում են համաշխարհային հայագիտական կենտրոնների գործունեությունը, ՀՀ պետական գիտական և մշակութային քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային գիտական համագործակցության նոր նախաձեռնությունները, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտում ձևավորվող միջազգային օրակարգը։



