Միշտ շատ հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալ. Նարեկ Հախնազարյան
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հյուրերը երեկ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Մարիուս Ստրավինսկին էին, որոնք հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Երեկոյի ընթացքում հնչեցին Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն, Պյոտր Չայկովսկու Պեցցո կապրիչոզոն թավջութակի և նվագախմբի համար եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը։
Նարեկ Հախնազարյանը նշում է, որ ինքը կատարել է Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործություններ, ի դեպ նաեւ ձայնասկավառակ է ձայնագրել, որը շուտով կթողարկվի։ Շորի Թավջութակի կոնցերտը, որ մենակատարը ներկայացրեց հայ հանդիսատեսին, կատարում էր առաջին անգամ (այն համեմատաբար նոր գրված գործ է), թավջութակահարը բարձր գնահատեց այս կոնցերտը՝ հույս հայտնելով, որ այն կսիրվի ունկնդրի կողմից։ Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ թավջութակահարն ընդգծեց, որ այն իր համար շատ հարազատ կոլեկտիվ է, որտեղ նվագում են իր ընկերները։ «Միշտ շատ հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալ, քանի որ դրական, երիտասարդ էներգետիկա ունի այս նվագախումբը»,- ասաց Նարեկ Հախնազարյանը։
Փառատոնային համերգները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 29-ը։