չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մինաս Ավետիսյանի թանգարանը վերաբացվում է

Մինաս Ավետիսյանի թանգարանը վերաբացվում է

Այսօր «Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակում Շիրակի մարզի Ջաջուռում վերաբացվելու է Մինաս Ավետիսյանի թանգարանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահը։

Այն շուրջ մեկ ամիս փակ էր վերանորոգման աշխատանքների պատճառով, այժմ թանգարանը ներկայանալու է նոր դիզայնով։
«Հայաստանի ազգային պատկերասրահը հատկապես վերջին տարիներին մեծ տեղ է հատկացնում մարզային քաղաքականությանը՝ մշակութային ժառանգությունը հասանելի դարձնելով հանրապետության մարզերում։ Ազգային պատկերասրահի 12 մասնաճյուղերից 4-ն այս տարի հանրությանը կներկայանա վերանորոգված և արդիականացված ցուցադրատարածքներով և նոր ցուցադրությամբ»,-նշված է Ազգային պատկերասրահի հաղորդագրությունում։
Մինաս Ավետիսյանի թանգարանի վերաբացումը նախատեսված է ժամը 14։30-ին, որին կհաջորդի համերգային ծրագիր։
 
«Նոր մշտական ցուցադրությունն ընդգրկում է Մինաս Ավետիսյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի հանրահայտ ձևավորումները՝ գունային վառ համադրություններով, ինչպես նաև 1970-1974 թթ․ նկարչի ստեղծած որմնանկարները: Մոնումենտալ նկարչության այս բացառիկ նմուշները, որոնք վնասվել են 1988-ի երկրաշարժի ժամանակ, իտալացի մասնագետների օգնությամբ վերականգնվել են 2009-2012 թթ., և դրանց մի մասը ցուցադրվում է Մինաս Ավետիսյանի թանգարանում»,– նշում է ՀՀ ազգային պատկերասրահը։

  • Կիսվել: