չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Միջազգային մրցույթներում հաջողություն գրանցած մշակույթի գործիչները կխրախուսվեն. արդեն նախանշվում են պոտենցիալ շահառուներ

Միջազգային մրցույթներում հաջողություն գրանցած մշակույթի գործիչները կխրախուսվեն. արդեն նախանշվում են պոտենցիալ շահառուներ

Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին մասնակցած, մրցանակի արժանացած մշակույթի գործիչները մեկ տարի դրամական խրախուսում կստանան։ Հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ նախարարությունն առանձնացրել է միջազգային 150 փառատոն, մրցանակաբաշխություն 7 ոլորտի համար՝ երաժշտարվեստ, կերպարվեստ, թատերարվեստ, կինոարվեստ, պարարվեստ, մշակութային ժառանգություն։ 

«Այս փուլում մենք առանձնացրել ենք 150 փառատոն ու մրցանակաբաշխություն, սակայն այն կարծրացած ցանկ չէ, մենք ճկուն մոտեցում ենք ցուցաբերում, հնարավոր է այն համալրվի։ Սա կարևոր նախաձեռնություն է, ես կարող եմ ասել՝ աննախադեպ։ Միջազգային փառատոններին ու մրցանակաբաշխություններին հաջողություն գրանցած գործիչներն ամսական կստանան խրախուսում 200 հազարից 800 հազար դրամի շրջանակում՝ կախված արդյունքից։ Այսինքն՝ մեկ տարի ամեն ամիս ստանալու են խրախուսական գումար»,-ասաց Դանիել Դանիելյանը։

Մշակույթի գործիչները, եթե արդյունք արդեն գրանցել են, ապա ունեն 12 ամիս իրենց տվյալները նախարարություն ներկայացնելու։ Դանիել Դանիելյանը նշեց, որ արդեն բավական դրական արձագանք կա ոլորտի ներկայացուցիչներից։ Տարբեր հանդիպումներում ոլորտի որոշ գործիչներ մատնանշել են փառատոններ, մրցանակաբաշխություններ, որոնց պատրաստվում են մասնակցել։

Թե տարեկան քանի հոգի կամ ստեղծագործական խումբ կարժանանա դրամական խրախուսման, նախարարի տեղակալը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ նախորդ տարիների փորձը հաշվի առնելով, կանխատեսվում է 10-12 անհատի և 2 ստեղծագործական խմբի խրախուսում։ Թեպետ Դանիել Դանիելյանն ընդգծեց, որ եթե լինի ավելին, ապա պետությունը պատրաստ է ֆինանսական խրախուսում տրամադրել նաև նրանց։ Ֆինանսական խնդիրներ չեն լինի։

«Ի դեպ, մենք առանձնացրել ենք արդեն գրանցված արդյունքներ։ «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության կարճ ցուցակում, հաջորդը Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնում առաջին մրցանակ ստացած «1489» վավերագրական ֆիլմը։ Կարծում եմ, որ ստեղծագործական թիմը կդիմի և կդառնա մեր այս կարևոր ծրագրի շահառուն»,-ասաց Դանիել Դանիելյանը։

  • Կիսվել: