հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն Ամանորի տոներին

Մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն Ամանորի տոներին

Ամանորի տոնական  օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև: Տոնական օրերին նախարարության ենթակայության թատերահամերգային հաստատություններում  երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ կայքից:
  

Այս թեմայի շուրջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և նախարարի օգնական Դավիթ Դանիելյանի մասնակցությամբ:

Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նախաձեռնությունը համարել է կարևոր և աննախադեպ իրադարձություն՝ հավելելով, որ Ամանորը դիմավորելու ընդունված ձևաչափը իրեն արդեն սպառել է:

«Կարծեք հայտնվել ենք մի շրջապտույտի մեջ ու գիտակցում ենք, որ տոները դիմավորելու նոր ձևաչափի, կենցաղն ու մշակույթը փոխելու, մեզ անառողջ ապրելակերպով և կենցաղով հնարավորինս չծանրաբեռնելու կարիք ունենք»,- ասել է Ա. Խզմալյանը:

Նախարարի տեղակալը, Ամանորը համարելով ընտանեկան տոն, նշել է, որ տոնական օրերին լինելով ընտանիքի հետ, այդուհանդերձ դարձյալ ընտանիքի հետ չենք՝ գնում ենք հյուր, հյուր ենք ընդունում: Նոր նախագծի շրջանակում քաղաքացիները կարող են ընտանիքի հետ Ամանորի օրերին այցելել թատրոններ, դիտել ներկայացումներ, որոնք չեն տեսել: Ընդգրկված ներկայացումները ոչ միայն մանկահասակների համար են, այլև մեծահասակների:

Այդ օրերին աշխատելու են ոչ միայն մայրաքաղաքային, այլ նաև համայնքային թատրոնները՝  բացառապես կամավորության սկզբունքով:

«Սա ընդունեք որպես հանրային հրավեր՝ փոխելու տոնը նշելու մշակույթը, փոխելու մեր կենցաղը: Ես կարծում եմ, որ սա իսկապես լավ նախաձեռնություն է, և արդյունքները լինելու են դրական: Ցանկացած նախաձեռնություն, որ ուղղվում է դեպի հասարակություն, առանց հանրային աջակցության հնարավոր չէ: Մենք ակնկալում ենք քաղաքացիների ակտիվ մասնակցությունը»,- ասել է նախարարի տեղակալը:

Գնային քաղաքականության առումով թատրոնները և թանգարանները շարունակելու են աշխատել նույն սկզբունքով:

Դավիթ Դանիելյանը ներկայացրել է այն թանգարանների ցանկը, որոնք տոնական օրերին բաց կլինեն և կսպասեն այցելուին: Ըստ նրա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկ­ների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

◆ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,

◆ Մարտիրոս Սարյանի տուն թանգարան,

◆ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,

◆ Հովհաննես Թումանյանի թանգարան,

◆ Սերգեյ Փարաջանովի թանգարան,

◆ Երվանդ Քոչարի թանգարան,

◆ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու),

◆ Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00),

◆ Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00):

Ամփոփելով ասուլիսը՝ Ա. Խզմալյանն ասել է. «Մենք բաց և պատրաստ ենք առաջարկների համար, սա պիլոտային ծրագիր է և հնարավոր է՝ մյուս տարիներին առանձին ծրագրեր ու միջոցառումներ նախատեսվեն: Վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ անհավանական ոչինչ չկա, և ինչպես «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ է ասվում՝ «Ես գոնե փորձեցի»: Սա ավելի քաղաքակիրթ  ժամանցի ձև ընտրելու, մաշված և վնասակար ավանդույթներից հրաժարվելու ճանապարհ է: Ես հավատում եմ, որ հանրային արձագանքն ավելի լուրջ է լինելու, և տոնը, իսկապես, դառնալու է ավելի ընտանեկան ու քաղաքակիրթ: Ես անձամբ իմ ընտանիքի հետ այցելելու եմ թանգարաններ և թատրոն՝ ներկայացում դիտելու:

Եթե ընտրում ենք քաղաքակիրթ երկիր լինելու ճանապարհը, դա պիտի անդրադառնա նաև մեր կենցաղի վրա: Լինել քաղաքակիրթ նշանակում է կենցաղում ևս հեղափոխություն անել»:

  • Կիսվել: