երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Մի նկարի պատմություն». Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում ժամանակավոր ցուցադրություն կբացվի

«Մի նկարի պատմություն». Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում ժամանակավոր ցուցադրություն կբացվի

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ, ապրիլի 29-ին կազմակերպում է «Մի նկարի պատմություն» խորագրով ժամանակավոր ցուցադրություն։

Ցուցադրության կենտրոնում գեղանկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների միության անդամ Կարեն Գասպարյանի՝ 1988 թվականին ստեղծած «Զեյթունի պաշտպանները․ տագնապալի լուսաբաց» կտավն է։

Ցուցադրությունը կուղեկցվի «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» թեմայով ենթախորագրային պաստառներով, որոնք պատմում են Հայոց ցեղասպանության տարիներին հայ կնոջ ճակատագրի, փորձությունների, հերոսության և տոկունության մասին։

Առանձին խորագրերով ներկայացված կլինի մինչև ցեղասպանությունը հայ կնոջ կերպարը, նրա իրավունքների հետ կապված հարցեր, ինչպես նաև հայ կանանց անհատական պատմություններ, որոնք դարձել են հայ ժողովրդի պայքարի ու վերածննդի խորհրդանիշ։

Ցուցադրությունը կբացվի ապրիլի 29-ին և կգործի մինչև մայիսի 6-ը ներառյալ:

 

  • Կիսվել: