հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեկնարկում են «Քույր-դպրոցներ» ծրագրի աշնանային փուլի միջոցառումները

Մեկնարկում են «Քույր-դպրոցներ» ծրագրի աշնանային փուլի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 16-ը կանցկացվեն Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի աշնանային փուլի միջոցառումները:

Ծրագիրն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Այն անցկացվում է մշակութային կրթության ոլորտում համաչափ զարգացման, գեղարվեստական կրթության ծրագրեր իրականացնող հաստատությունների միջև համագործակցության խթանման, փորձի փոխանակման, մայրաքաղաք-մարզեր կապի ամրապնդման նպատակով:

2022 թվականի աշնանային փուլի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 20-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում. ծրագրում առաջին անգամ ընդգրկված Երևանի Ա. Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու մանկավարժները կհյուրընկալվեն Ապարան քաղաքի արվեստի դպրոցում: 

Նշենք, որ 2019 թվականից գործող ծրագիրը ներկայում իր շուրջն է համախմբել Երևանում և ՀՀ մարզերում գործող երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցները, իսկ 2022 թվականին ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը. հանրապետության շուրջ 60 դպրոցի մանկավարժներ ու սովորողներ հնարավորություն են ստացել ձևավորված միասնական հարթակի շրջանակում իրականացնել համատեղ ծրագրեր, կազմակերպել փոխայցելություններ:

Փոխայցելությունների շրջանակում իրականացվում են համատեղ համերգային միջոցառումներ, ցուցահանդեսներ, վարպետության դասընթացներ, իսկ մասնակից երեխաների համար կազմակերպվում են նաև հայրենաճանաչության բաղադրիչ ունեցող այցելություններ. այս տարիների ընթացքում հազարավոր երեխաներ այցելել են Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային և տեսարժան վայրեր, թանգարաններ:

  • Կիսվել: