չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Մեկնարկում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը

Մեկնարկում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը, որն անցկացվելու է սեպտեմբերից մինչև դեկտեմբեր, Հայաստան կբերի երգեհոնահարներ Ջոշեմ Շուրմանին (Նիդեռլանդներ), Էուջենիո Մարիա Ֆաջանիին (Իտալիա), Պիտեր Կլայիներթին (Գերմանիա), Նարինե Սիմոնյանին (Ֆրանսիա), Սալվատորե Պրոնեստիին (Իտալիա/Գերմանիա):

Հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը,  Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը, Արփինե Հարությունյանը և այլք:

Փառատոնային համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում, Չարենցավանում և Գյումրիում: Կիրականացվեն նաև Կոմիտասին և Ավետ Տերտերյանին նվիրված ծրագրային համերգներ: Կհնչեն ինչպես դասական երգեհոնային, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: 

Փառատոնի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր արտերկրից ժամանած երգեհոնահաների կողմից:

Սեպտեմբերի 25-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա փառատոնի բացման համերգը՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին:

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության առաջին միջազգային փառատոնն անցկացվել է 2022 թվականին, որին արտերկրից մասնակցել էին Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթեյվերսը (Նիդեռլանդներ), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան): Վերջին երկու երգեհոնահարները համերգներով հանդես էին եկել նաև Չարենցավանում ու Կապանում: 

Փառատոնն անցկացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

  • Կիսվել: