շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկում է «Արմմոնո Plus» 7-րդ հանրապետական փառատոնը

Մեկնարկում է «Արմմոնո Plus» 7-րդ հանրապետական փառատոնը

 Երևանում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը: 

Կայացած ասուլիսի ընթացքում «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը մանրամասնեց, որ  արդեն 7-ամյա պատմություն ունեցող և տարին երկու անգամ անցկացվող փառատոնի շրջանակներում այս տարի հիմնականում առաջնախաղեր են նախատեսվում։

Նրա խոսքով՝ «Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել երևանյան փառատոների շարքում:

«Ամեն տարի գրանցում ենք էլ ավելի հետաքրքիր ու արհեստավարժ ներկայացումներ։ Ավելանում է նաև մոնոներակայացում ստեղծելու ցանկությունը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում երիտասարդ դերասաններին զգալ բեմն ու գրավել հանդիսատեսին, իսկ փորձառու բեմադրիչներին ու դերասաններին՝ կերտել կերպարներ, որոնք ցանկացել են, սակայն ինչ-որ պատճառով չեն կարողացել իրագործել իրենց թատրոնում»,-նշեց Մխիթարյանը։

Փառատոնը հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում` 2024 թվականին:

Ընդհանուր առմամբ՝ փառատոնի շրջանակում կցուցադրվի 8 մոնոներկայացում-առաջնախաղ։

«Արմմոնո Plus»-ի բացումը կազդարարվի հոկտեմբերի 29-ին Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի «Լինում է, չի լինում» մանկական ինտերակտիվ մոնոներկայացմամբ, որին ներկա կլինեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներ։  

Նույն օրը երեկոյան Արմեն Քուշկյանի կատարմամբ տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին նվիրված «Համլետի երազները» ներկայացումը, որը բեմադրիչի վերջին աշխատանքն էր։ Ներկա կգտնվի նաև պիեսի հեղինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ Նինա Մազուրը։

Փառատոնի շրջանակներում Համազգային թատրոնը հանդես կգա երկու ներկայացմամբ։ Մասնավորապես՝  Մերի Մարգարյանի բեմադրությամբ և Զառա Հակոբյանի կատարմամբ կներկայացվի բեմադրություն Զոշչենկոյի պատմվածքների հիման վրա, իսկ փորձառու դերասանուհիներ՝ Ելենա Վարդանյանը և Լիլիա Մուկուչյանը հանդես կգան «Ես Ռասպուտինի դուստրն եմ» և «Բալերինա Վարեչկա» ներկայացումներով։ Միջազգային մի շարք փառատոնների մասնակից Նվարդ Դուդուկչյանն էլ կներկայացնի «Պարզապես կին»  բեմադրությունը, իսկ  Գագիկ Մադոյանը՝ «Միաժամանակ» բեմադրությունը։ Փառատոնը կեզրափակի Գալուստ Ներսեսյանի բեմադրությամբ «Քաղաքի աղմուկը» ներկայացումը՝ Ա․ Քուշկյանի կատարմամբ։

Անդրադառնալով փառատոնի հաջողություններին՝ տնօրենը ներկայացրեց, որ այս տարի ներկայացումները մասնակցել են 8 միջազգային փառատոնի և լուրջ հաջողություններ են գրանցել։ Այդ համատեքստում Մխիթարյանը  կարևորեց նաև փառատոնի միջոցով Հայաստանից դուրս թատերական արվեստը ներկայացնելը։

Խոսելով հեքիաթներ պատմելու արվեստի առանձնահատկությունների մասին՝ նկարչուհի, հեքիաթասաց  Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ այն միավորում է մարդկանց։

«Հեքիաթը շատ դրական ու լուսավոր ստեղծագործություն է և հեքիաթների հավաքածուն բացում է մեր բոլորի աչքերը։ Չեմ կարող ասել, թե  ինչի վրա եմ շեշտը դնելու, բայց ուզում եմ ներկայացնել տարբեր երկրների ու ժողովուրդների հեքիաթներ։ Երբ հեքիաթները տեսնում ես ամբողջականության մեջ, նրանց նշանակությունը մեծանում է։ Դա մարդկության իմաստության հոգեբանական արժեքների բյուրեղացված հաղորդումն է ժամանակի մեջ։ Հեքիաթներով փոխանցվում է միայն ամենակարևորը»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ փոխվում է ժամանակը,  մտածելակերպը, բայց  հեքիաթներով բոլոր ժողովուրդները խոսում և հաղորդում են իրենց պատմությունն ու արժեքները՝ փոխանցելով ամենակարևոր բյուրեղը։ 

Ինչպես հայտնեցին կազմակերպիչները՝ «Արմմոնո Plus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն «Փոքր» թատրոնում, Համազգային թատրոնում և ՀԹԳՄ-ում։ 

  • Կիսվել: