չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեկնարկել է Հայ-Ռուսական համալսարանի 15-րդ ամենամյա գիտաժողովը. ներկայացվելու է ավելի քան 363 զեկույց

Մեկնարկել է Հայ-Ռուսական համալսարանի 15-րդ ամենամյա գիտաժողովը. ներկայացվելու է ավելի քան 363 զեկույց

Հայ-Ռուսական համալսարանում դեկտեմբերի 6-ին մեկնարկել է ՀՌՀ-ի 15-րդ ամենամյա գիտաժողովը, որի ընթացքում ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական և հումանիտար գիտական ուղղություններով ներկայացվելու է ավելի քան 363 զեկույց:

ՀՌՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր բացման խոսքում Հայ-Ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը նշել է, որ ՀՌՀ-ի ամենամյա գիտաժողովն իր որակով և բովանդակությամբ հավակնում է միջազգային նշանակության կարգավիճակին:

«Այս ընթացքում մենք անցկացրել ենք բազմաթիվ մասշտաբային կոնֆերանսներ և գիտաժողովներ: Պետք է նշեմ, որ 2020-2021թթ. ընթացքում ՀՌՀ-ն, ինչպես և մնացած բուհերը, գտնվում էին ոչ դյուրին պայմաններում ինչպես կրթական, այնպես էլ գիտական գործունեության կազմակերպման տեսանկյուններից: Ամփոփելով այս երկու տարիները` պետք է ուրախությամբ փաստեմ, որ մեր համալսարանը ոչ միայն դիմացավ այդ գործոններին, այլև ի ցույց բոլորին մեր համալսարանում բարձր մակարդակով անցկացվեցին և կրթական գործընթացները, և գիտական միջոցառումները: Մեր բուհի գիտական կոլեկտիվները պատվով են մրցակցում այլ բուհերի ներկայացուցիչների հետ: Եվ ես առաջին հերթին նկատի ունեմ ՀՀ գիտության կոմիտեի կողմից անցկացվող մրցույթների արդյունքները, որոնք փաստում են, որ ՀՌՀ-ն իր արժանի տեղն է զբաղեցնում ոչ միայն Հայաստանի գիտական տիրույթում, այլ նաև արտասահմանյան հեղինակավոր գիտական շրջանակներում»,- շեշտել է նա:

Գիտաժողովի բացմանը ներկայացվեցին նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ու Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի ողջույնի խոսքերը։

Իր հերթին Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն ընդգծել է, որ շատ գոհ է ընթացիկ տարում կատարած աշխատանքներից:

«Չնայած հայտնի դժվարություններին` ՀՌՀ-ն հաստատել է իր դերը որպես գիտության և կրթության իրական առաջատար երկրում ու տարածաշրջանում: Եվ մենք մնում ենք լավագույնը շնորհիվ մեր գիտության: Հենց «կրթությունը գիտության շուրջ» կարգախոսի իրագործման և իրականություն դարձնելու շնորհիվ ենք մենք դարձել առաջատար»,- նշել է նա:

Նշենք, որ գիտաժողովի բացմանը զեկույցներով հանդես են եկել ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը («Հայաստանը նոր գեոքաղաքական իրողություններում. մարտահրավերները և հեռանկարները» թեմայով), ՀՌՀ-ի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն Հայկ Սարգսյանը և Մոսկվայի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան, Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի ռեկտոր Լև Բելոուսովը:

Հայ-Ռուսական համալսարանի 15-րդ ամենամյա գիտաժողովն ավարտվելու է դեկտեմբերի 10-ին:

  • Կիսվել: