շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկել է «Դպրոցը՝ գիտական միջավայրում» ծրագիրը

Մեկնարկել է «Դպրոցը՝ գիտական միջավայրում» ծրագիրը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Դպրոցը՝ գիտական միջավայրում» ծրագիրը, որն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՏՄՍ նախարարությունը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Բուսաբանության ինստիտուտ՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին: ԿԳՄՍ փոխնախարարին ուղեկցել է ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը:  

Ծրագրի այս փուլի տևողությունը 6 ամիս է: Նպատակն է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցահասակ երեխաների (7-րդ դասարանի) շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության սերմանումը, գիտական մտածողության զարգացումը, ոչ ֆորմալ կրթության միջոցով հանրակրթական դպրոցների կրթական ծրագրերին աջակցումը: Այս փուլում ծրագրին մասնակցելու հնարավորություն ունի 4200 աշակերտ:

ԿԳՄԱ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի հետ զրույցում կարևորել է ծրագիր-դպրոց-ուսուցիչ կապը և ծրագրի միջոցով գիտության հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորումը. «Երեխաների ոգևորությունն ակնհայտ է, սակայն առավել կարևոր է, որպեսզի այդ ազդեցությունը պահպանվի, և փոխվի գիտության նկատմամբ կաղապարված վերաբերմունքը: Շատ կարևոր է, որ երեխաների հետաքրքրությունը լաբորատոր փորձերից հետո ևս աճի և հստակ ուղղություն ձեռք բերի՝ դառնալով ավելի կայուն և արդյունավետ»:

Ծրագրի ընթացքում «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաների շրջանակում աշակերտները մասնակցում են լաբորատոր գիտափորձերի և տեսական գիտելիքները կիրառում գործնականում: Արաքսիա Սվաջյանը հետևել է Երևանի թիվ 135 հիմնական դպրոցի յոթերորդ դասարանցիների այցին. նա հետաքրքրվել է երեխաներից՝ որքանո՞վ է ծրագիրն արդյունավետ, հետաքրքրակա՞ն է այն աշակերտների համար, թե՞ ոչ, արդյոք ծրագրին մասնակցելուց հետո փոխվե՞լ է վերաբերմունքը բնագիտական առարկաների հանդեպ:

Մասնակից աշակերտների փաստմամբ՝ բնագիտական առարկաներն ավելի հետաքրքրական են դարձել, դասերը՝ ավելի հասկանալի:

Այցի շրջանակում ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը ԿԳՄՍ փոխնախարաին ներկայացրել է նաև Երևանի բուսաբանական այգու տարածքում «Դպրոցը՝ գիտական միջավայրում» ծրագրի համար նախատեսված շենքը, որը պետք է հիմնանորոգվի ԿԳՄՍՆ միջոցներով:

  • Կիսվել: