ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հաղթել են միջազգային մրցույթներում

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հաղթել են միջազգային մրցույթներում

Օրերս տեղի ունեցած «BTHVN Wien» և «AMADEUS» միջազգային երաժշտական մրցույթներում Հայաստանը ներկայացնող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները գրանցել են հերթական մեծ հաջողությունները, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Դավիթ Բաբայանը «AMADEUS» մրցույթում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ «BTHVN Wien» մրցույթում՝ 2-րդ տեղը, Աիդա Ավանեսյանը «BTHVN Wien» մրցույթում՝ 1-ին տեղը, Ռոբերտ Սեյրանյանը «BTHVN Wien» մրցույթում՝ 1-ին տեղը, Էլեն Խաչիկյանը «AMADEUS» մրցույթում՝ 2-րդ տեղը։

Նշենք նաև, որ Հայաստանը ներկայացնող ևս երկու մասնակից՝ Նարեկ Հեքեքյանը և Լյանա Ուլիխանյանը, զբաղեցրել են 1-ին, Սվետլանա Հակոբյանը՝ 2-րդ, Ալեքս Հակոբյանը՝ 3-րդ տեղերը։

Նշենք, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:

Ծրագրի նպատակն է՝ պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը:

 

  • Կիսվել: