ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մայիսի 10-13-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը

Մայիսի 10-13-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-ից 13-ը Երևանում կանցկացվի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախագիծն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ ընդգրկվելով տարիքային երկու խմբերում: Կրտսեր խմբի ներկայացուցիչները (մինչև 13 տ.,) պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ գրված մինչև 2 գործիքի համար (առավելագույնը՝ 10 րոպե տևողությամբ), իսկ ավագ խմբի մասնակիցները (14-18 տ.)՝ մինչև 4 գործիքի համար գրված 1 ստեղծագործություն (առավելագույնը՝ 15 րոպե տևողությամբ):

Մրցութային փուլը կանցկացվի մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Նույն համերգասրահում մայիսի 13-ին էլ՝ դարձյալ 17:00-ին, տեղի կունենան գալա համերգն ու մրցանակաբաշխությունը:

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, նաև հնարավորություն կունենան ձայնագրվելու ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն երկու խմբերի հաղթողների համար:

Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին ([email protected]) մինչև մայիսի 8-ը՝ կցելով անձնագրի պատճենը, հայտաձևը, մեկ որակյալ լուսանկար, ինչպես նաև ստեղծագործության նոտաները (կարող է լինել նաև ձեռագիր` ընթեռնելի տարբերակով): Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել +37455 07 07 80 հեռախոսահամարով կամ գրել մրցույթի ֆեյսբուքյան էջին (Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթ):

  • Կիսվել: