ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մարզական մրցաշարեր, հատուկ հյուրեր, համերգային ծրագրեր. Հայաստանում կնշվի Մոսկվայի 875-ամյակը

Մարզական մրցաշարեր, հատուկ հյուրեր, համերգային ծրագրեր. Հայաստանում կնշվի Մոսկվայի 875-ամյակը

 Հայաստանում կանցկացվեն Մոսկվայի 875-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ին Երևանում: Միջոցառումները նախաձեռնել է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը։

Հրավիրված ասուլիսում  Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը տեղեկացրեց, որ բավական հագեցած ծրագիր է սպասվում: Մեկնարկը տրվելու է Ալ․ Պուշկինի անվան դպրոցում Մոսկվայի անկյունի բացմամբ:  Հաջորդիվ սպասվում է «Ես սիրում եմ Մոսկվան» խորագրով ֆլեշմոբ, շաշկու առաջնություն, լուսանկարչական ցուցահանդես, ռուսական երգերի  համերգային ծրագիր:

«Հրազդան քաղաքում սպասվում է Ռուսական կենտրոնի բացումը: Ասեմ, որ սա արդեն 8-րդն է՝ Երևան, Վանաձոր, Արմավիր, Քաջարան, Իջևան և այլ քաղաքներից հետո: Նպատակն է նպաստել հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը: Այն հարթակ է յուրաքանչյուր երեխայի համար, որտեղ անցկացվում են անվճար դասընթացներ: Բարեկարգում ենք տարածքները, հագեցնում անհրաժեշտ գույքով, տեխնիկայով: Ստեղծում ենք վայր, որտեղ երեխան կրթվում է առավել հանգիստ ազատ պայմաններում»,- ասաց Վահրամ Կարապետյանը: Հայաստանում ռուսական կենտրոնների ստեղծման աշխարագրությունն առաջիկայում կընդլայնվի: Նախատեսվում է նման կենտրոնների բացում Գորիսում, Մեղրիում, Ծաղկաձորում, Եղեգնաձորում:  

Տոնական միջոցառումների շրջանակում հատուկ գրականություն կտրամադրվի տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին: Սպասվում են հեքիաթի ժամ,  համերգային ծրագիր Հայաստանի 6 մարզերից երաժշտական համույթների մասնակցությամբ:

Միջոցառումների ցանկում ընդգրկված են մի շարք կարևոր մարզական միջոցառումներ ևս: Առաջինը շախմատային մրցաշարն է, որն արդեն 3-րդ տարին է անցկացվում: Մանրամասներ ներկայացրեցՀայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը:  

«Ինչպես տեսնում ենք, մեծ աշխատանք է տարվում և ամեն մի նման միջոցառում դրական է անդրադառնում երկու քաղաքների համագործակցության վրա: Ինչ վերաբերում է սպասվող շախմատային մրցաշարին, ապա նշեմ, որ բավական պատվաբեր մրցաշար է լինելու: Այն անցկացվելու է 2 փուլով, մասնակցելու են գրոսմայստերներ, միջազգային վարպետներ: Ընտրվելու են եզրափակիչի համար մասնակցիներ, որտեղ ներկա են լինելու նաև Շախմատի համաշխարհային օլիմպիադայում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի գրոսմայստերները»,- ասաց Սմբատ Լպուտյանը:

Մարզական միջոցառումների շարքը կշարունակվի շաշկու, ինչպես նաև սուսերամարտի մրցաշարով:  Վահրամ Կարապետյանը տեղեկացրեց, որ սպասվում է հատուկ հյուր․ Հայաստան կժամանի ռուսաստանաբնակ հայ սուսերամարտիկ, օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Յանա Եգորյանը: Ըստ Վահրամ Կարապետյանի՝ այն լավ նվեր կլինի մրցաշարի մասնակիցների համար: Մոսկվայի 875-ամյակին նվիրված միջոցառումները նախատեսվում է եզրափակել հոկեյի մրցաշարով:

  • Կիսվել: