ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարիաննա Գևորգյանը՝ համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր

Մարիաննա Գևորգյանը՝ համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր

Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը համաշխարհային WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնում հաղթանակ է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Այս մասին Մարիաննան գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Համաշխարհային WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնում գրանցեցինք հաղթանակ: Առաջին հորիզոնականով պատվավոր ԳԼԽԱՎՈՐ մրցանակ: Խորին շնորհակալությունս բոլորին»,- գրել է քանոնահարուհին:

Հիշեցնենք, որ օնլայն հարթակում անցկացվող այս մրցույթին մասնակցելիս Մարիաննան ներկայացրել էր ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը: Ընտրությունը տևել էր մեկ ամիս: Մրցույթին մասնակցել էր 115 երկրի ներկայացուցիչ, բայց կիսաեզրափակիչ փուլ էր անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են եղել նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ:

Մարիաննա Գևորգյանը սովորել և գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական, միջազգային մրցույթ-փառատոնների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժտության համույթում (գեղարվեստական ղեկավար՝ Ս. Երկանյան):

 

  • Կիսվել: