կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը, ընդհանրապես, մարդիկ ամեն ինչից հուզվում են. Ժաննա Անդրեասյան

Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը, ընդհանրապես, մարդիկ ամեն ինչից հուզվում են. Ժաննա Անդրեասյան

Տարբեր հարցադրումները ինձ բերում են այն մտքին, որ դրանց հիմքում ընկած է մի դատողություն, որ մեր դպրոցը պիտի կապ չունենա մեր իրականության հետ»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մարդիկ հուզվում են, երբ որ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը, մարդիկ հուզվում են, երբ որ դասագրքերում ժամանակակից երաժշտությանն ենք անդրադառնում։ Մարդիկ, ընդհանրապես, կարծես ամեն ինչից հուզվում են: Իրականում մեր դպրոցը պետք է մոտ լինի կյանքին:

Չի կարող մեր երեխաների կյանքը լինել մի բանի մասին, մեր դպրոցը լինի տրամագծորեն  ուրիշ բանի մասին։ Սա է եղել մեր կրթության հիմնական խնդիրներից մեկը, որ դպրոցը գնալով կորցրել է կապը երեխաների հետ, երեխաներին դարձել է ծայրահեղ անհետաքրքիր այդ դպրոցում գտնվելը։ Դպրոցը պետք է խոսի երեխայի հետ, խոսի երեխային հասկանալի ձևով, լեզվով, նրանց սովորեցնի այն գիտելիքները, արժեքները, հմտությունները, որոնց կարիքն այդքան ունենք»,-ասաց նախարարը՝ հորդորելով այդ հարցերը թողնել մասնագիտական քննարկմանը, թե  որ նյութն է տեղին օգտագործել, որ տեքստն է տեղին օգտագործել:

«Մարդիկ, որ սովորել են ու դարձել են այդ ուղղությամբ մասնագետ, պետք է փորձաքննեն, եզրակացություններ անեն եւ այդ եզրակացության հիման վրա պետք է որոշենք՝ դա տեղին է, թե ոչ: Բնականաբար, այդ եզրակացությունները եղել են, այդ դասագրքերը դպրոցներում են: Մենք կհասկանանք նաեւ դպրոցների, ուսուցիչների արձագանքը, եթե լրամշակման որեւէ կարիք կլինի, մեր բոլոր դասագրքերի հեղինակները կապի մեջ են դպրոցների հետ: Անհոգ եղեք, այդ խնդիրները կկարգավորվեն»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:

«Մեր ամենամեծ խնդիրն այն  է, որ մեր երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ։ Այսօրվա մեր խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ մոտեցումներ, ստեղծագործական լուծումներ։ Չի կարելի դպրոցների դռները փակել ու մտածել, որ դպրոցներից դուրս եկած քաղաքացին կկարողանա գնալ և այդ խնդիրներին ճիշտ արձագանքել»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: