շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մաքսիմ Վենգերովը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգով

Մաքսիմ Վենգերովը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգային երեկո: Այն կկայանա ապրիլի 14-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին կատարումներով հանդես կգա Գրեմմիի դափնեկիր, ջութակահար, համաշխարհային երաժշտության լավագույն արտիստներից մեկը՝ Մաքսիմ Վենգերովը:

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը կկատարեն Ֆելիքս Մենդելսոնի «Ջութակի կոնցերտը»։ Համերգային ծրագրում կհնչեն նաև Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը», Մորիս Ռավելի «Պավանա Ինֆանտայի մահվան կապակցությամբ» ստեղծագործությունը, Ջակոմո Պուչինիի «Սիմֆոնիկ պրելյուդը»։

Վահրամ Սարաջյանը ծնվել է 1948 թվականին Երևանում, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, այնուհետև ասպիրանտուրան՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը։ Նա իր առաջին մենահամերգն ունեցել է 9 տարեկանում, 18-ում հաղթել է համամիութենական մրցույթում, իսկ մի քանի տարի անց ստացել է միջազգային ճանաչում՝ դառնալով Ժնևում անցկացված Չայկովսկու անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր։

Սարաջյանը՝ որպես մենակատար, ելույթ է ունեցել Լոնդոնի «Բարբիկան» կենտրոնում, Միլանի «Լա Սկալայում», Վիեննայի «Մյուզիքֆերայնում», Նյու Յորքի «Քարնեգի հոլում» և այլն։ Հարուստ է նաև Սարաջյանի մանկավարժական գործունեությունը։ Նա դասավանդել է ԱՄՆ Օբերլինի կոնսերվատորիայում, Հյուսթոնի համալսարանում։

Սարաջյանի երկացանկում մեծ տեղ է գրավել ժամանակակից երաժշտությունը։ Նա եղել է այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողը, ինչպիսիք են Ալեքսանդր Չայկովսկին, Գիա Կանչելին, Առնո Բաբաջանյանը, Կարեն Խաչատրյանը և այլք։

  • Կիսվել: