հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մաքսիմ Վենգերովը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգով

Մաքսիմ Վենգերովը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգով

Ապրիլի 14-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգային երեկո, որի ընթացքում հանդես կգա Գրեմմիի դափնեկիր, ջութակահար, համաշխարհային երաժշտության ասպարեզի լավագույն արտիստներից Մաքսիմ Վենգերովը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը կկատարեն Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտը։

 Վահրամ Սարաջյանի հիշատակի երեկոն կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Վահրամ Սարաջյանը ծնվել է 1948 թվականին Երևանում, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, այնուհետև ասպիրանտուրան՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանը։ Նա իր առաջին մենահամերգն ունեցել է 9 տարեկանում, 18-ում հաղթել է համամիութենական մրցույթում, իսկ մի քանի տարի անց ստացել է միջազգային ճանաչում՝ դառնալով Չայկովսկու անվան, Ժնևում անցկացված թավջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր։

Սարաջյանը որպես մենակատար ելույթ է ունեցել Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, Միլանի «Լա Սկալայում», Վիեննայի Մյուզիքֆերայնում, Նյու Յորքի «Քարնեգի հոլում» և այլն։

Հարուստ է նաև Սարաջյանի մանկավարժական գործունեությունը։ Նա դասավանդել է ԱՄՆ Օբերլինի կոնսերվատորիայում, Հյուսթոնի համալսարանում։

Սարաջյանի երկացանկում մեծ տեղ է գրավել ժամանակակից երաժշտությունը։ Նա եղել է այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողը, ինչպիսիք են Ալեքսանդր Չայկովսկին, Գիա Կանչելին, Առնո Բաբաջանյանը, Կարեն Խաչատրյանը և այլք։

  • Կիսվել: