ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մահացել է դուդուկահար Գեորգի Մինասովը

Մահացել է դուդուկահար Գեորգի Մինասովը

87 տարեկանում մահացել է հայ անվանի դուդուկահար, դուդուկի նոր տարատեսակների գյուտարար, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Մինասյանը՝ Գեորգի Մինասովը։

Գեորգի Մինասովը ծնվել է Բաքվում երաժիշտների ընտանիքում։ Սովորել է հայկական և ռուսական դպրոցներում։ Ավարտել է Ասաֆ Զեյնալիի անվան երաժշտական ուսումնարանը։ 7 տարեկանից նվագել է մանդոլին, 16 տարեկանից՝ քամանչա: Նրա առաջին ուսուցիչն էր իր քեռի Աղալար Մինասովը, ով հայտնի դուդուկահար էր։

Զինծառայության ընթացքում եղել է զինվորական նվագախմբի առաջին կլարնետահարը: Զինծառայությունից հետո նվագել է Բաքվի կինոթատրոնում, ապա երգի-պարի անսամբլում, եղել է Ադրբեջանի պետական հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների նվագախմբի մենակատար։ Աշխատել է Ստեփան Շահումյանի անվան պալատում, ապա 1963-1983 թթ. Ստեփան Շահումյանի անվան երաժշտական դպրոցում դասավանդել է դուդուկ։
1983 թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան և աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես դուդուկահար-մենակատար։ 1983 թ. առ այսօր դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, ԱՄԷ-ում և այլուր:

  • Կիսվել: