ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լույս է տեսել «Վայոց-ձոր․ պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրությունը

Լույս է տեսել «Վայոց-ձոր․ պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրությունը

«Իմ Հայաստան» ծրագրի մարզային թանգարանների զարգացման ծրագրերի շրջանակում լույս է տեսել «Վայոց-ձոր․ պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրությունը։ Գիրքը հրատարակության է պատրաստվել Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ։

Հայաստանի ազգային գրադարանը հայտնում է, որ գրքում ամփոփված են այն հոդվածները, որոնք ներկայացվել են 2020 թվականին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի «Վառ անցյալ, վառ ապագա․ Վայոց-ձորի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովի նիստերից մեկը վարել և զեկույցով հանդես է եկել Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի Գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը։

Հատորն ընդգրկում է Վայոց ձոր պատմաաշխարհագրական երկրամասի մշակութային ժառանգության զանազան հայեցակետերին վերաբերող հետազոտություններ, որոնք խմբավորված են չորս հիմնական բաժիններով՝ միջնադարյան քրիստոնեական ժառանգություն, ոչ նյութական մշակութային ժառանգություն, հնագիտական ժառանգություն, նյութական մշակույթի հանրահռչակում։

Այդ բաժիններից զատ կա ևս մեկ ընդարձակ բաժին, որում ընդգրկված հոդվածներն ընդհանուր տեղեկություններ են պարունակում Վայոց ձորի մասին։ Հետազոտությունների հեղինակները ՀՀ տարբեր գիտակրթական և մշակութային հաստատությունների գիտաշխատողներ են։

Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից Մհեր Ղազինյանի հեղինակած գիտական հաղորդումը՝ «Վայոց-ձորի մարզի գրադարանները. անցյալը, ներկան և ապագան» ևս ընդգրկված է գիտական մենագրության մեջ:

  • Կիսվել: