չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Լուսանկարիչ Նարեկ Արշակյանի «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսով մեկնարկեց Gastrocamp Կապան նախագիծը

Լուսանկարիչ Նարեկ Արշակյանի «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսով մեկնարկեց Gastrocamp Կապան նախագիծը

Երևանում կայացած մամուլի ասուլիսով և լուսանկարիչ Նարեկ Արշակյանի «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսով մեկնարկեց Gastrocamp Կապան նախագիծը։

Ինչպես ասուլիսին ժամանակ նշեց նախագծի համահիմնադիր Աննա Մազմանյանը՝ Gastrocamp-ը միայն կամ ոչ միայն նախագիծ է սնունդի մասին, այն մի պռոյեկտ է, որի նպատակն է զարկ տալ համայնքային տնտեսական կյանքին, ակտիվացնել տուրիզմի և սպասարկման ոլորտները մարզերում։ «Կապանը այս առումով մեզ համար առանձնահատուկ տեղ է գրավում, քանզի մենք համարում ենք այն Հայաստանի բիզնես-կենտրոնը»,- նշեց Մազմանյանը։

Gastrocamp Կապանը կներգրավի ռեստորանային, հյուրանոցային, գինու և սննդի ոլորտների լավագույն մասնագետներ Հայաստանից և արտասահմանից:

Ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի և տուրիզմի կենտրոն: Հոկտեմբերին կկայանա Կապան քաղաքի HoReCa ոլորտի մասնագետների և շեֆ-խոհարարների բիզնես այց Երևան՝ վերապատրաստման և նոր գործընկերային կապերի հաստատման նպատակով:

Արդեն 2025 թվականի մարտ ամսին տեղի կունենա «Սյունիքի գաստրոմշակույթը պատմագիտական համատեքստում» համաժողով Գորիսում։ Տեղի և հրավիրյալ մասնագետներ կքննարկեն Սյունիքի գաստրոմշակույթի առանձնահատկությունները պատմագիտական համատեքստում: Համաժողովի արդյունքները կհրապարակվեն արձանագրության տեսքով:

Մարտ-Ապրիլ ամիսներին համայնքային զարգացման, կանաչ գյուղատնտեսության, էկոլոգիական զարգացման փորձագետների մասնակցությամբ տեղի կունենա դասախոսությունների շարք ԲՈՒՀ-երում։

Ապրիլին Կապանում նաև տեղի կունենա գաստրոֆիլմերի փառատոն։

Իսկ միջոցառումների շարքը կեզրափակվի մայիսին։ Եզրափակիչ միջոցառումների շարքում կլինեն վարպետաց դասեր՝ հրավիրյալ մասնագետները կիրականացնեն անվճար դասախոսություններ Կապան քաղաքում հետևյալ թեմաներով՝ գինեգործություն, ռեստորանային բիզնես, շեֆ խոհարարի աշխատանք, մարքեթինգ և PR ռեստորանային բիզնեսում, SMM ռեստորանային/հյուրանոցային բիզնեսում, HoReCa արդյունավետ դիզայն, ռեսուրսների և սննդի արդյունավետ օգտագործում, HoReCa ոլորտի էկոլոգիական բաղադրիչ։ Տեղի կունենա նաև շեֆ-խարարների արշավ՝ հրավիրյալ շեֆ-խոհարարները իրականացնելու են արշավ դեպի Կապանի գյուղեր, որի ընթացքում ուսումնասիրելու են գյուղական ավանդույթները, փորձելու են ավանդական ճաշատեսակներ, բացահայտելու են գյուղական կենցաղը, հավաքագրելու են ավանդական բաղադրատոմսերը։

Իսկ եզրափակիչ ընթրիքի ժամանակ հրավիրյալ և տեղի շեֆ-խոհարարները արշավի արդյունքում հավաքագրած բաղադրատոմսերի հիման վրա մատուցելու են համատեղ պատրաստված ճաշատեսակներ Կապանի գեղատեսիլ վայրերից մեկում: Մասնագետները կստեղծեն 5-6 այցեքարտային ճաշատեսակով կապանյան մենյու, որը կդառնան Կապանի գաստրոայցեքարտերից մեկը:

Ինչպես իր եզրափակիչ խոսքում նշեց Աննա Մազմանյանը՝ Հայաստանի մարզերը ունեն մեծ չբացահայտված պոտենցիալ, սակայն այն չեն կարողանում լավ ներկայացնել թե երկրի ներսում, թե առավելևս երկրից դուրս։ «Այսպիսի նախագծերը լավ հնարավորություն են բացահայտելու մարզերի պոտենցիալը, բրենդավորելու այն, մեզ ու աշխարհին ներկայացնելու համար։ Սա իր հերթին կօգնի ակտիվացնել մարզերում տնտեսական կյանքը, նոր աշխատատեղերի ստեծման հնարավորություն կընձեռի, կզարգանան տուրիզմի և սպասարկման ոլորտները»,- եզրափակեց նա։    

 

  • Կիսվել: