երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լենինգրադյան փողոցի 52 հասցեում կփակցվի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի հուշատախտակը

Լենինգրադյան փողոցի 52 հասցեում կփակցվի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի հուշատախտակը

Երևանի ավագանին 49 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայներով հավանություն տվեց հայ բանաստեղծ, մանկագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Լենինգրադյան փողոցի 52 հասցեում փակցնելու վերաբերյալ նախագծին:

Նիստի ժամանակ նշվեց, որ միջնորդությունը ներկայացվել է նրա որդու՝ Հակոբ Սահակյանի կողմից: Հուշատախտակի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ընտանիքը:

Նշենք, որ Յուրի Սահակյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

1971-1973 թվականներին մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին։

Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական գրող» և «Արևիկ» հրատարակչություններում։

1999 թվականին «Այբբենարանի ուղեկից» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ոսկե եղեգն» պետական գրական առաջին կարգի մրցանակի։

2012 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար Յուրի Սահակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում։

2017 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ:

2018 թվականին շնորհվել է Արցախի Հանրապետության Մշակույթի և արվեստի վաստակավոր գործչի կոչում։

Մահացել է 2019 թ. նոյեմբերի 24-ին։

Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Առաջին գիրքը լույս է ընծայել 1966 թ. «Սովետական գրող» հրատարակչությունում։

Հայաստանի գրողների միության անդամ է 1968 թվականից։

Յուրի Սահակյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, շվեդերեն, իսպաներեն, սերբերեն, լիտվերեն, բուլղարերեն, աբխազերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր:

  • Կիսվել: