շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Լեգենդար Յուրի Վարդանյանը կդառնար 70 տարեկան. Ֆեդերացիայի ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել մարզիկի հիշատակին

Լեգենդար Յուրի Վարդանյանը կդառնար 70 տարեկան. Ֆեդերացիայի ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել մարզիկի հիշատակին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, հավաքականների մարզչական շտաբի անդամները, հայկական սպորտի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա շիրիմին:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանը հունիսի 13-ին կդառնար 70 տարեկան:«Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայկական ծանրամարտի լեգենդար ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն և մեծանուն ծանրորդ Յուրի Վարդանյանին, ով այսօր կդառնար 70 տարեկան։ Նրա ավանդն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային սպորտում։ Աշխարհի 7-ակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոնը ծանրամարտի նոր սերունդների համար վառ օրինակ է տաղանդի, աշխատասիրության և մարզաձևին նվիրվածության համադրման առումով։ Արդեն ավանդույթ ենք դարձրել այցելել Վարդանյանի շիրիմին՝ խնկարկելու մեզ համար մարզաձևի մեծանուն մարզիկի հիշատակը»,-Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի  մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընդգծել է, որ հայկական ծանրամարտի համար այս հիշարժան օրը` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնում է, որ այսուհետ ֆեդերացիան կունենա Յուրի Վարդանյանի անվան անվանական մեդալը, որը կտրվի սպորտի նվիրյալներին ու հայկական ծանրամարտին մոտ կանգնած անձանց:«Մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 20-րդ դարի լավագույն մարզիկին` Յուրի Վարդանյանին: Այս օրը մեզ համար խորհրդանշական է: Պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել մեր լեգենդար մարզիկին, քանի որ մեր բազմաթիվ սերունդներ ոգեշնչվել են հենց Յուրի Վարդանյանից»,-ընդգծեց Գասպարյանը:

Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, այդ պաշտոնում է մնացել մինչև 2017թ-ը։Յուրի Վարդանյանը մահացել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին։ 

  • Կիսվել: