չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

89 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը:

Մեդեա Աբրահամյան-երաժշտի ճակատագրի առաջին կանխագուշակը Ռոմանոս Մելիքյանն էր: Ազգային երաժշտության զարգացման խնդիրներով ակտիվորեն զբաղվող կոմպոզիտորն ու հասարակական գործիչը, մանկապարտեզներում փնտրելով երաժշտական ընդունակություններով օժտված երեխաների, առանձին ուշադրություն է դարձնում Մեդեայի երգելուն. «Այս երեխան անպայման երաժիշտ կդառնա»:

1941-1950 թթ. Մեդեա Աբրահամյանը սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:
 

Մեդեա Աբրահամյանի նվագացանկը մեծ է՝ հնագույն դպրոցի վարպետներից սկսած մինչև դասական և ռոմանտիկ երաժշտության ներկայացուցիչների և 20-րդ դարի կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործություններ:

Նա հայ առաջին թավջութակահարն է, որը պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Թավջութակահարին ծափահարել են աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի «Կարնեգի հոլը», Փարիզի  «Շանզ Էլիզեն» Բուենոս Այրեսի, Լյուքսեմբուրգի թատրոնները, Մոսկվայի «Մեծ թատրոնն» ու Չայկովսկու անվան  կոնսերվատորիայի մեծ դահլիճը:

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։ Դասավանդել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

  • Կիսվել: