ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը

Կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, կինոպրոդյուսեր, մշակույթի գործիչ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոակադեմիայի անդամ Մարտուն Փայլակի Ադոյանը:

Նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Մարտուն Ադոյանի
ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին ու բարեկամներին նրա
անժամանակ մահվան կապակցությամբ:

Մարտուն Ադոյանը ծնվել է Աշտարակի տարածաշրջանի Ուջան գյուղում: Ավարտել է
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: Աշխատանքային գործունեության
ընթացքում 1986-1991 թթ. եղել է ՀՀ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի
վերահսկողության և վերստուգման բաժնի պետ, Հանրապետության կինովիդեո
միավորման գլխավոր տնօրենի տեղակալ: 1991 թվականից զբաղեցրել է «Մոսկվա»
կինոթատրոնի տնօրենի պաշտոնը:

Մշակույթի ոլորտում ծավալած նրա գործունեությունը հիմնականում վերաբերում է
կինոարտադրությանը: Նա եղել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստաֆիլմերի գլխավոր
պրոդյուսեր:

Անգնահատելի է Մարտուն Ադոյանի ավանդը Հայաստանում կինոարդյունաբերության,
կինոմիջավայրի ու կինոմշակույթի պահպանման ու զարգացման գործում:
Դեռևս 90-ականերից սկսած՝ անկախ Հայաստանում, նա դարձավ նախաձեռնող
գործարար ֆիլմերի տարածման և ֆիլմարտադրության ոլորտում: Բազմաթիվ
միջազգային համագործակցային կապերի շնորհիվ նա Հայաստանում ապահովել է
համաշխարհային վարձույթում առկա լավագույն ֆիլմերի տարածումը և հայ
կինոսիրող հանդիսատեսը հնարավորություն է ունեցել իր համար բացահայտել
արտերկրի կինոարվեստը՝ մեծ էկրանին:

Մարտուն Ադոյանը միջազգային համարտադրությամբ իրականացրել է բազմաթիվ
ֆիլմեր, ինչպես նաև լինելով կայացած գործարար՝ նա կանգնած է եղել հայ
կինոարտադրողի կողքին ֆիլմարտադրության ցանկացած փուլում՝ սատարելով
ֆիլմարտադրությանը և հայկական կինոարտադրանքի տարածումը:
Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ նա չի թողել կինոյի առաջնագիծը.
Մարտուն Ադոյանի բացառիկ ջանքերով վերապրել են Երևանի «Մոսկվա», Գյումրու
«Հոկտեմբեր» կինոթատրոնները: Նրա ջանքերով էր նաև, որ կայացել ու զարգացել
են հայկական կինոփառատոները, այդ թվում՝ «Ոսկե Ծիրան» միջազգային
կինոփառատոնը՝ ամենածանր պայմաններում անգամ ապավինելով «Մոսկվա»
կինոթատրոնի մեծ աջակցությանը:

Մարտուն Ադոյանը 2007 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե
մեդալի, 2014 թվականին՝ ՀՀ նախագահի պետական մրցանակի, 2015 թվականին՝ ՀՀ
մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման, 2016 թվականին պարգևատրվել է
Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

  • Կիսվել: