կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կյանքից հեռացել է գիտնական Գագիկ Գրիգորյանը. հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 11-ին՝ ժամը 18.00-ին

Կյանքից հեռացել է գիտնական Գագիկ Գրիգորյանը. հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 11-ին՝ ժամը 18.00-ին

Կյանքից հեռացել է հանրահայտ ուսուցիչ և գիտնական Գագիկ Գրիգորյանը, ով մեծ ներդրում է ունեցել Հայաստանում կրթության ու գիտության զարգացման մեջ: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Սան Լազարո (San Lazzaro) սգո սրահում, ապրիլի 11-ին՝ ժամը 18։00-ին: Հասցե՝ Երևան, Լուկաշինի փողոց, 152 շենք, Աջափնյակ վարչական շրջան:

Ինչպես հայտնում է «Այբ» դպրոցը ֆեյսբուքյան իր էջում, Գագիկ Գրիգորյանը «Այբ»-ի հիմքերում է ամենասկզբից, երբ 2008-ին միացավ հիմնադրամի թիմին՝ մասնակցելով կրթական նորարար նախագծերի մշակման աշխատանքներին, իսկ 2011-ից՝ «Այբ» դպրոցի հիմնադրման օրվանից առ այսօր դասավանդում էր նաև դպրոցում՝ շարունակելով կրթել և գիտությամբ ոգեշնչել «Այբ»-ի արդեն 11-րդ սերնդին, ընդհանուր՝ շուրջ 500 աշակերտների:

Նա նաև 2008-ից «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կենգուրու» միջազգային մրցույթի լիազոր ներկայացուցիչն էր Հայաստանում։ Նրա շնորհիվ է մրցույթը եկել Հայաստան ու Արցախ և ստեղծել մաթեմատիկական մի մեծ շարժում՝ 445,152 մասնակիցներով:

Գագիկ Գրիգորյանը ոչ միայն նվիրյալ ուսուցիչ էր, այլև գիտնական, ում ներդրումը հայկական կրթական համակարգում անգնահատելի մեծ է: Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, միջազգային օլիմպիադաների ժյուրիի անդամ էր և ֆիզիկայի օլիմպիադաների հայաստանյան թիմերի ղեկավարը։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը նվաճել է ֆիզիկայի միջազգային օլիմպիադաների տասնյակ մեդալներ:

Գագիկ Գրիգորյանը 1983-ից աշխատում էր նաև Ֆիզմաթ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ և գիտաշխատող: Հեղինակ և համահեղինակ է 35 գիտական հոդվածի և 30-ից ավելի դասագրքերի ու ուսումնական ձեռնարկի: Իր բեղմնավոր և անբասիր աշխատանքի շնորհիվ Գագիկ Գրիգորյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Սակայն լավագույն մեդալները նրա համար իր սաներն էին:

  • Կիսվել: