ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կներկայացվեն Պենդերեցկու ստեղծագործությունները

Կներկայացվեն Պենդերեցկու ստեղծագործությունները

Այս օրերին Երևանում ընթանում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Հուլիսի 16-ի համերգն ամբողջովին նվիրված է լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու արվեստին. կհնչեն նրա ստեղծագործությունները` Adagietto-ն «Կորուսյալ դրախտը» օպերայից, Ջութակի թիվ 2կոնցերտը, Սիմֆոնիա թիվ 4 «Ադաջո»-ն։ Նշենք, որ գրեթե 60 տարվա գործունեության ընթացքում մեծանուն կոմպոզիտորը հեղինակել է ավելի քան 100 գործիքային ստեղծագործություն, այդ թվում՝ 4 օպերա, 8 սիմֆոնիա, 27 նվագախմբային և 24 կոնցերտային գործեր, 25 կանտատ ու օրատորիա, 21 երգ ու երգչախմբային ստեղծագործություն, 20 կամերային և 17 մենանվագ ստեղծագործություններ:

Քշիշտոֆ Պենդերեցկու այրին՝ Էլժբետա Պենդերեցկան, փառատոնի առթիվ հղված ուղերձում նշում է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպիչներին՝ այն հիմնելու համար մի երկրում, որտեղից սկիզբ էին առնում ամուսնուս արմատները, և որտեղ նրա ղեկավարմամբ տեղի են ունեցել և նրան նվիրվել բազմաթիվ համերգներ։ Վստահ եմ, որ այս փառատոնը բացառիկ իրադարձություն կլիներ նաև հանգուցյալ ամուսնուս համար։

Այսօր, երբ մենք դիմակայում ենք բազում չարիքների, երաժշտությունը կարող է խոսել մեր հոգու խորքում… Բոլորին հրավիրում եմ փառատոնի համերգներին և մաղթում վայելելու երաժշտությունն իր գեղեցկության ամբողջ բազմազանությամբ՝ ողողված ազատության և խաղաղության ոգով: Այսօր մենք հոգեպես միավորված ենք բոլոր նրանց հետ, ում կյանքում այնքան պակասում են այս արժեքները...

Ամուսինս, որն այսօր մեզ հետ չէ, հաճախ էր ասում, որ ցանկացած արվեստ պետք է ունենա երկակի սկիզբ՝ երկրի խորքում և երկնքի անհունում։ Ես շատ եմ սիրում մեջբերել նրա այս հայտնի խոսքերը։ Հուսով եմ, որ ձեզ համար ևս դրանք հուսադրող ուղերձ են ամփոփում իրենց մեջ…»։

Հուլիսի 16-ի համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Լետիցիա Մորենոն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդիրներին ծանոթանալու դասական երաժշտության նորագույն միտումներին, մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

  • Կիսվել: