ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կինեմատոգրաֆիստների միությունը հետաձգել է մի շարք միջոցառումներ

Կինեմատոգրաֆիստների միությունը հետաձգել է մի շարք միջոցառումներ

Կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ստիպված հետաձգում է մի շարք միջոցառումներ, որոնցով նախատեսում էր հարգանքի տուրք մատուցել Ռոբերտ Սահակյանցի 70 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակներին: Այս մասին տեղեկանում ենք Միության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախատեսվում էին հոբելյանական հանդիսություններ Ազնավուրի անվան հրապարակի աստղային պուրակում, որտեղ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ բացվելու էին հանրահայտ ռեժիսորների աստղերը և հետահայաց կինոցուցադրումներ Կինոյի տանը:

«Սակայն իրավիճակը, COVID-19 համավարակի օրեցօր վատթարացումը մեզ պարտադրում են խնայել մեր հանրությանը, որևէ կերպ չվտանգել նրանց առողջությունն ու լինել չափազանց զգուշավոր: Տեղեկացնում ենք, որ, ընդառաջելով նաև ռեժիսորների ընտանիքների անդամների խնդրանքին, բոլոր միջոցառումները կհետաձգվեն և տեղի կունենան այն ժամանակ, երբ առանց զգուշանալու կարող ենք հավաքվել մի վայրում: Շնորհակալ ենք ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: