շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կինեմատոգրաֆիստների միությունը գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել

Կինեմատոգրաֆիստների միությունը գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել

Դեռեւս այս տարվա հունիսի 15-ին Aravot.am-ը քաղաքացիներից ահազանգ էր ստացել, որ Կինոյի տան հարևանությամբ գտնվող սրճարանի բանվորները քանդում են դեպի Կինոյի տան գլխավոր մուտք տանող թեքահարթակը, առանց որի հաշմանդամություն ունեցող անձանց համար մուտքը Կինոյի տան գլխավոր դահլիճ անմատչելի է լինելու: Քաղաքապետարանից խոստացել էին մանրամասները պարզելուց հետո համապատասխան մեկնաբանություն անել, սակայն սայլը տեղից չէր շարժվել:

Այնուհետեւ Մարդու իրավունքների պաշտպանն էր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հրապարակային դիմումի հիման վրա նախաձեռնել Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն, նաեւ հանդիպել Կինոմիության ներկայացուցիչների հետ ու վարույթ սկսել:

Կայքի տեղեկություններով՝ այդպես էլ ոչինչ չի փոխվել, եւ ստիպված «Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միություն» (ՀԿՄ) ՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել, որ ՀԿՄ-ին պատկանող Վարդանանց փողոց 18 հասցեում գտնվող շինության սեփականություն հանդիսացող հողամասում Ս. Կ.-ի կողմից 572.8 քմ. մակերեսով կառուցված ինքնակամ շինությունները Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով, կեղծ փաստաթղթերի հիման վրա օրինականացվել են:

Արդյունքում Ս. Կ.-ն դարձել է տարածքի սեփականատեր, իսկ Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միությունը և այլ բաժնային սեփականատերերը զրկվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքից: Այժմ կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: