երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խնդիրներից զերծ ու որակյալ դասագրքեր տպագրելու համար ԿԳՄՍՆ-ն նոր նախագիծ է մշակել

Խնդիրներից զերծ ու որակյալ դասագրքեր տպագրելու համար ԿԳՄՍՆ-ն նոր նախագիծ է մշակել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» նախագիծ։

«Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուսումնական տարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով սույն նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Սահմանվել են հանձնաժողովների կազմին, գործառույթներին վերաբերող դրույթներ: Տարբեր նպատակներով ձևավորված և տարանջատված գործառույթներով հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնելու են հստակ ժամկետներում և եղանակով:

Գործընթացը բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից փորձաքննվելու արդյունքում, ինչպես նաև նախորդ տարվա փորձառության արդյունքում հնարավորինս խնդիրներից զերծ մնալու ակնկալիքով հնարավոր կլինի հաստատություններն ապահովել ավելի որակյալ դասագրքերով»,- նշված է նախագծի հակիրճ բնութագրում։ 

Հիշեցնենք, որ 2023/24 ուսումնական տարում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար տպագրվել են նոր դասագրքեր՝ համապատասխան հանրակրթության նոր չափորոշչին։ Նախ գրքերը ուշացումով հասցվեցին դպրոցներ, ուսումնական տարին այդ դասարանների աշակերտներն առանց դասագրքերի սկսեցին։ Մեկ ամսվա ընթացքում նոր տպագրված դասագրքերը բաժանվեցին դպրոցներին։ Այնուհետև սկսվեց դասագրքերում տեղ գտած բովանդակության, վրիպակների ու սխալների մասին ահազանգերը։

Վերջերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր. «Առաջին անգամ այս գործընթացն իրականացնելով այս ձևով՝ ունենք այս արդյունքները։  Վստահ եմ՝ երկրորդ տարում, երբ  կբարելավենք նկատված թերությունները, մեր արդյունքները միայն ավելի լավն են լինելու։ Մենք ունենք առնվազն այն որակը, որի վրա կարող ենք աշխատել։ Տեսնում ենք այն բարելավումների տեղերը, որոնք կան բովանդակության մասով։ Ասել ենք, որ  այս տարին  լինելու է  դասագրքերի փորձարկման տարի, դրանք պետք է լինեն դպրոցներում, օգտվեն, տեսնենք՝ ինչը փոխելու կարիք կա։ Երկրորդ կիսամյակում կանենք անհրաժեշտ բովանդակային ու տեխնիկական  լրամշակումները, փոփոխությունները»։

Առաջարկվող նախագծի հիմնավորման մեջ նշված է. 

«Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները, կարգավորման առարկան.

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացը ենթադրում էր նաև մեթոդական և ուսումնական գործընթացի, այդ թվում դասագրքերի փոփոխություն: 

2022-2023 թվականներին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների դասագրքերի տպագրության անհրաժեշտություն առաջացավ, և դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվեց սույն կարգով նախատեսված՝ մրցութային եղանակով՝ կարգով սահմանված փորձաքննության իրականացման փուլերով:

2022 թվականից մեկնարկել է դասագրքաստեղծման բոլորովին նոր մոտեցում, որը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում ուսուցիչների համար մասնակցելու դասագրքերի ստեղծման գործընթացին: Գործընթացը նոր մեխանիզմով իրականացնելու նպատակը համապատասխան կարողություններ ունեցող մասնագետների ներգրավվածության ապահովումն էր և այն բաց,  թափանցիկ և մրցակցային իրականացնելը:

Դասագրքերի ստեղծման գործընթացի ավարտին պարզ դարձավ, որ մասնավորապես սահմանված կարգով ուսուցչական համայնքից ընտրված մասնագետների շտեմարանից ձևավորված մասնագիտական խմբերում գիտականությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչին համապատասխանությանը, ինպես նաև բովանդակային այլ հարցերի ուսումնասիրությունը մասնագետների կողմից որոշ դեպքերում  իրականացվել է ոչ պատշաճ կերպով՝ խախտելով ընթացակարգային պահանջները:

Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուսումնական տարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով սույն նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Սահմանվել են հանձնաժողովների կազմին, գործառույթներին վերաբերող դրույթներ: Տարբեր նպատակներով ձևավորված և տարանջատված գործառույթներով հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնելու են հստակ ժամկետներում և եղանակով:

Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացնելու է ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննություն:

Ներկայացված ուսումնական նյութի բովանդակության գիտականությանը և չափորոշչին համապատասխանության ստուգումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից, որի կազմում ընդգրկվելու են առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ կարգով սահմանված բուհերից կամ գիտական գործունեություն իրականացնող կառույցներից:

Մանկավարժ-մեթոդիստը և մանկավարժ-հոգեբանն ուսումնասիրելու են իրենց մասնագիտական ուղղությամբ համապատասխանությունը:
Նկարիչ-ձևավորողը և բժիշկ-հիգիենստը ներգրավվելու են նախարարի  հրամանով ձևավորված հանձնաժողովի կազմում որպես փորձագետներ:

 Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Գործընթացը բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից փորձաքննվելու արդյունքում, ինչպես նաև նախորդ տարվա փորձառության արդյունքում հնարավորինս խնդիրներից զերծ մնալու ակնկալիքով հնարավոր կլինի հաստատություններն ապահովել ավելի որակյալ դասագրքերով»:

  • Կիսվել: