կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին այս տարի կղեկավարի Զոհրաբ Թադևոսյանը

Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին այս տարի կղեկավարի Զոհրաբ Թադևոսյանը

Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի հայտնի ջութակահար‚ մանկավարժ Զոհրաբ Թադևոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից:

Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի անունը կրող մրցույթը մեկնարկում է ամեն տարի հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։ Այս տարի մրցույթն անցկացվելու է «ջութակ» մասնագիտական կարգում։

Զոհրաբ Թադևոսյանը երկար տարիներ է, ինչ լեգենդար Անա Չումաչենկոյի օգնականն է։ Զոհրաբ Թադևոսյանը համարվում է միջազգային երաժշտական-մանկավարժական ասպարեզի կարևոր գործիչ։ Նա 2003 թվականից Մադրիդի «Ռեալ» թատրոնի նվագախմբի կոնցերտմայստերի օգնականն է։

Զոհրաբ Թադևոսյանը վարպետության դասեր է անցկացնում իր երաժշտական մենթոր‚ պրոֆեսոր Անա Չումաչենկոյի հետ, հրավիրյալ արտիստ է Սանտանդերի երաժշտական փառատոնում: Բացի այդ, նա դասավանդում է Ճապոնիայում և պարբերաբար հրավիրվում վարպետության դասեր տալու։ Որպես ժյուրիի անդամ հրավիրվում է ջութակի ամենակարևոր միջազգային մրցույթներին: Ներկայում Զոհրաբ Թադևոսյանը վարպետության դասեր է անցկացնում ամբողջ աշխարհում։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցած տարիների ընթացքում բացահայտել է բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների, որոնք հետագայում գրավել են համաշխարհային մեծ բեմեր։ Այս ստուգատեսը նաև հանրահռչակում է Խաչատրյանի երաժշտությունը։ Մրցութային ծրագրում Խաչատրյանի ստեղծագործությունները ներառելու շնորհիվ մասնակիցները սովորում‚ իրենց երկացանկերում ընդգրկում են հայ մեծ կոմպոզիտորի կոնցերտները՝ հետագայում դրանք ներկայացնելով տարբեր համերգասրահներում։

Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

  • Կիսվել: