շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է, թե ինչ վիճակում են Վայոց ձորի պատմության և մշակույթի հուշարձանները

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է, թե ինչ վիճակում են Վայոց ձորի պատմության և մշակույթի հուշարձանները

ԿԳՄՍ նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ՝ մշտադիտարկման և ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ առաջին կանգառը Եղեգնաձորի վիշապաքարի տարածքում էր, ապա «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ քննարկվել են եկեղեցու ջրահեռացման հարցերը՝ վերացնելու պատերի խոնավությունը: Արդեն այս տարածքում է նաև Սարավան գյուղից հայտնի խոյաձև տապանաքարը։ Նախորդ տարի տապանաքարը ստացել էր նորահայտ հուշարձանի կարգավիճակ, ավտոլվացման կետի բետոնե պատից տեղափոխվել Գլաձոր արգելոց։ Վնասված տապանաքարը կմաքրվի ու պատշաճ կպահպանվի։

Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի հետ քննարկվել են համայնքի միջոցներով Եղեգիս գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները կամ եկեղեցու ժամանակավոր թիթեղյա ծածկի կառուցումը՝ փլուզումներից խուսափելու համար. եկեղեցու տանիքը խիստ վթարային վիճակում է: Արտաբույնք համայնքում քննարկվել է համայնքի բարերարի միջոցներով տեղի՝ Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձանի տարածքի բարեկարգման հարցը:

Մեկ այլ բարերարի հետ տեղում քննարկվել է նոր հայտնաբերված եկեղեցու հետքերի պեղման, տարածքի հետագա բարեկարգման և պահպանության հնարավորությունը:

Հաջորդ այցը Շատիվանք վանական համալիր էր, որի վերականգնման ծրագիրը նախատեսվում է առաջիկա 4 տարիների ընթացքում: Տեղում հայտնի է դարձել, որ 2021 թ. կազմված վերականգնման նախագծից հետո մասնակի փլուզվել են վանքի պարսպի, աշտարակների և կից կառույցների պատերի հատվածներ: Արձանագրվել է, որ վերականգնման աշխատանքները հնարավոր կլինի սկսել միայն գիտանախագծային փաստաթղթերի լրամշակումից հետո:

  • Կիսվել: