չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրեց մեծանուն արվեստագետների հոբելյաններին նվիրված առաջիկա միջոցառումները

ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրեց մեծանուն արվեստագետների հոբելյաններին նվիրված առաջիկա միջոցառումները

Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվում են ընդհանուր առմամբ 21 անվանի արվեստագետների հոբելյաններին նվիրված միջոցառումներ։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ մանրամասնելով, որ միջոցառումներից երկուսը դասվում են հիմնականների շարքում։ 

038A0458.jpg

Փոխնախարարի խոսքով՝ դեռևս տարեսկզբից մեկնարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում ընդգրկված Սերգեյ Փարաջանովի, այնուհետև՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակներին նվիրված միջոցառումները։

«Ամբողջ տարվա ընթացքում լինելու են միջոցառումներ։ Փարաջանովին նվիրված հիմնական, մեծ համերգ է սպասվում հոկտեմբերին՝ շատ հետաքրքիր ինստալացիաներով։ Այս պահին աշխարհի տարբեր վայրերում տեղի են ունենում Փարաջանովի ֆիլմերի պրոյեկցիաներ։ Հայ-ֆրանսիական համագործակցությամբ  արդեն տեղի է ունեցել ժամանակակից պարի բեմականացված համերգը, որի պրեմիերան եղավ  Ֆրանսիայում, այնուհետև՝ այստեղ և Վրաստանում։ Ամբողջ աշխարհում, որտեղ հնարավոր է․ այդ միջոցառումներն արվել են և կշարունակվեն մինչև տարեվերջ»,-ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ դեռևս 2022 թվականից մեկնարկել են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոբելյանական միջոցառումները։ Այդ շրջանակներում Գյումրիում կայացել է ժողովրդական գործիքներով համերգ, որի ծրագրում ազնավուրյան ստեղծագործություններն էին։ Այնուհետև նախատեսվում են ջազ և ռոք համերգներ։

038A0465.jpg

Իրականացվում են համերգային ծրագրեր, որոնց շրջանակներում տարբեր երաժշտական գործիքներով կներկայացվեն Ազնավուրի ստեղծագործությունները, ինչպես նաև ֆիլմերի ցուցադրություններ, պարային և տարաբնույթ միջոցառումներ, որոնք շարունակական բնույթ կկրեն։

««Ազնավուր» հիմնադրամը մեզ տեղեկացրեց, որ ցանկանում են Ազնավուրին նվիրված էքսպոզիցիա բացել Ազգային պատկերասրահում։ Հուսամ, որ այս տարվա երկրորդ կեսին կհասցնենք էքսպոզիցիայով, շատ հետաքրքիր նյութերով Ազնավուրին ներկայացնել»,-մանրամասնեց փոխնախարարը։

Խոսելով ժամանակակից արվեստագետների հոբելյաններից՝ Դանիելյանը նախ անդրադարձավ անվանի կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակներին նվիրված միջոցառումներին, որոնք նախատեսվում են առաջիկայում։ 

038A0446.jpg

Ըստ նրա՝ Հայաստանի կամերային նվագախումբը ընթացիկ տարվա աշնանը կմեկնի եվրոպական շրջագայության, որի շրջանակներում կներկայացվեն ինչպես նրանց, այնպես էլ Ազնավուրի ստեղծագործությունները։ Բացի այդ՝ նախատեսվում են նկարահանումներ Մանսուրյանի ու երեխաների մասնակցությամբ։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ Ռոբերտ Ամիրխանյանը օպերային երիտասարդ երգիչների հետ ներկայում ծրագիր է իրականացնում։ 

«Նա տարբեր լեզուներով երգեր ունի գրած, որոնք նովելներ են կոչվում։ Դրանք պետք է ներկայացնենք՝ միգուցե, սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Թողել ենք, որ ինքը որոշի, թե ինչ արտիստների կամ նվագախմբերի հետ»,-ներկայացրեց Դանիելյանը՝ ավելացնելով, որ հոբելյանական ծրագրերի շրջանակում Ամիրխանյանի այլ ստեղծագործություններ էլ կներկայացվեն Մլքեյանի ղեկավարած պետական երգչախմբի կատարմամբ։  

 

  • Կիսվել: